Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդեն ձևավորվում է նոր խորհրդարանի քաղաքական պատկերը, թեև դեռ հնարավոր են վերահաշվարկներ և տեխնիկական շտկումներ։
Նախնական տվյալներով Քաղաքացիական պայմանագիրը ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29-ը, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Ի՞նչ հնարավորություն է ստանում ՔՊ-ն՝ 64 մանդատով։
Հայաստանում 64 մանդատ ունեցող քաղաքական ուժը համարվում է միանձնյա մեծամասնություն, այսինքն՝ ՔՊ-ն կարող է ինքնուրույն ձևավորել կառավարություն՝ ընտրել վարչապետ և հաստատել կառավարության կազմը։ Նաև այդ ուժը վերահսկում է օրենսդրական գործընթացը․ կարող է ընդունել օրենքները և ձևավորել խորհրդարանական օրակարգը։
Բայց կա մեկ կարևոր սահմանափակում․ Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 2/3 մեծամասնություն՝ մոտ 70 մանդատ, ինչը նշանակում է, որ այդ հարցում ՔՊ-ն չի կարող կատարել այն, ինչ վերջին տարիներին անդադար հայտարարում է։
Բայց պատկերը փոխվում է, եթե ԲՀԿ-ի վերահաշվարկից հետո կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը։
Իսկ այս փուլում ի՞նչ կարող է անել ընդդիմությունը։ Ընտրություններից հետո քննարկումների կենտրոնում է մանդատները վերցնելու կամ դրանից հրաժարվելու հարցը։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, որը ավելի շատ քաղաքական դիրքորոշում է։
Հավաքական ընդդիմությունը նախնական տվյալներով խորհրդարանում ունի 41 մանդատ։ Եթե ցանկանան հրաժարվել մանդատից, յուրաքանչյուր ընտրված պատգամավոր պետք է անհատական կարգով ներկայացնի հրաժարականի դիմում, որից հետո ԿԸՀ-ն կիրականացնի համապատասխան ընթացակարգերը։
Եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, նրանց մանդատները չեն փոխանցվում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին։