Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են սկսել թուրք միլիարդատիրոջ նկատմամբ, որի՝ քրդուհու մասին անտեղի կատակը հասարակական վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել։
Սկանդալային հայտարարությունն արել է ուրբաթ՝ խոշորագույն ընտանեկան կոնգլոմերատի՝ Koç Holding-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, 95-ամյա թուրք միլիարդատեր Ռահմի Քոչը՝ Իզմիրում հիվանդանոցի բացման արարողության ժամանակ։ Տեսանյութը, որտեղ Քոչն անեկդոտ է պատմում բժշկի և քրդուհու երկխոսության մասին, ավելի ուշ վիրուսային է դարձել սոցիալական ցանցերում և բուռն բողոքի տեղիք տվել։
«Բժիշկը լսեց քրդուհու գանգատը։ Երբ նա ասաց՝ «Տիկի՛ն, անցե՛ք վարագույրի հետևը և մերկացե՛ք», կինը պատասխանեց՝ «Բժի՛շկ, ավելի լավ է դուք առաջինը մերկանաք»,— ասում է Քոչը վիրուսային դարձած տեսանյութում։
Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտարարել է, որ Իզմիրի գլխավոր դատախազությունը սեփական նախաձեռնությամբ հետաքննություն է սկսել այդ արտահայտությունների փաստով։
«Արդարադատության կշեռքը չի տատանվում՝ կախված որևէ մեկի հարստությունից, տիտղոսից կամ կարգավիճակից. դատական իշխանությունը միշտ կանգնած է մարդկային արժանապատվության և օրենքի պաշտպանության դիրքերում»,- հայտարարել է Գյուրլեքը։ Նա հավելել է, որ նման ռեպլիկների արտաբերումը «կատակի» կամ հումորի քողի տակ չի նվազեցնում այն կոպտությունը, որը դրսևորվել է մեր կանանց և մեր հասարակության որոշակի հատվածի նկատմամբ»։
Քրդամետ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության (DEM Party) համանախագահ Թունջեր Բաքըրհանը դատապարտել է Քոչի արտահայտությունները՝ դրանք անվանելով «քրդուհիներին նվաստացնող ռասիստական ռեպլիկներ», և ընդգծել, որ նման հռետորաբանությունը «բացարձակապես անընդունելի է»։
Ավելի ուշ թուրք գործարարը ներողություն է խնդրել։ Նրա ընտանեկան կոնգլոմերատի X սոցիալական ցանցում հրապարակած հայտարարության մեջ ասվում է. «Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում իմ խոսքերի համար, որոնք նպատակ չեն ունեցել որևէ մեկին վիրավորելու։ Ամբողջ հոգով ցանկանում եմ հայտնել իմ խորին ափսոսանքը»։
Չնայած դրան՝ DEM Party-ի ներկայացուցիչները հայտնել են, որ հանցագործության մասին պաշտոնական հաղորդում են ուղարկել Իզմիրի դատախազություն՝ Քոչին մեղադրելով «ատելության և թշնամանքի հրապարակային հրահրման», «մարդկային արժանապատվության նվաստացման», ինչպես նաև «ատելության և խտրականության» մեջ։
Քրդամետ կուսակցությունում խստորեն դատապարտել են Forbes-ի ցուցակում ընդգրկված միլիարդատիրոջը նրա «սեքսիստական արտահայտությունների համար, որոնք հումորի պատրվակով ուղղված էին քրդուհիների լեզվի, ինքնության ու մարմնի դեմ»՝ կատարվածն անվանելով «հայրիշխանության խտրական քաղաքականության հետևանք»։
Ռահմի Քոչը կոնգլոմերատի ղեկավարի պաշտոնը լքել է 2003 թվականին՝ ընկերության կառավարումը փոխանցելով իր ավագ որդուն՝ Մուստաֆա Քոչին, որը մահացել է սրտի կաթվածից 2016 թվականին՝ 55 տարեկան հասակում։