Թիկնիզյանը կարող է հայտնվել թոփ-5 լիգաներում. հայ ֆուտբոլիստի գործակալը հաստատում է լուրերը

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտնվել է եվրոպական առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում:

Այս տեղեկությունը «Sport-Express» պարբերականի հետ զրույցում հաստատել է 27-ամյա ֆուտբոլիստի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը:

​Ավելի վաղ հայտնի մարզական լրագրող Էքրեմ Քոնուրը հայտնել էր, որ հայ խաղացողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են իտալական «Կոմոն» և ֆրանսիական «Լանսը»:

​«Նաիրի նկատմամբ իսկապես կա հետաքրքրություն եվրոպական թոփ-5 լիգաները ներկայացնող ակումբների կողմից: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներին սկաուտների հնարավոր ներկայությանը, ապա այդ մասին ոչինչ ասել չեմ կարող»,- նշել է Կլյուևը:

​Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը մոսկովյան «Լոկոմոտիվից» «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել 2025 թվականի հուլիսի 1-ին: 2025/26 մրցաշրջանում բելգրադյան թիմի կազմում անցկացրած 47 հանդիպումներում պաշտպանը դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ՝ թիմի հետ հռչակվելով Սերբիայի չեմպիոն:

​Թիկնիզյանի գործող համաձայնագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Ըստ Transfermarkt պորտալի՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *