ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև երկարատև կայունություն ապահովելու համար պետք է արվի ավելին, այդ թվում՝ ազատ արձակվեն գերիները․ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանի հոդվածը

ԱՄՆ-ն ու Եվրոպան 35 տարի շարունակ անհաջող փորձեր արեցին վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Մոսկվան նույնպես ձախողեց՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո ուղարկելով «խաղաղապահներ»։ Այս ուժերն անտարբեր դիտում էին, թե ինչպես է Ադրբեջանը գրավում ամբողջ տարածաշրջանը և 2023 թվականին վտարում 110.000 էթնիկ հայերի․ Los Angeles Times-ում գրել է 2022-2025 թվականներին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Ըստ դիվանագետի՝ այդ տարիներին ԱՄՆ նախագահ Բայդենի չափավոր արձագանքն արտագաղթին շարունակեց հնացած «հավասարակշռված» տարածաշրջանային քաղաքականությունը, որը չկարողացավ հաղթահարել տասնամյակների թշնամանքը։ Սակայն դինամիկան փոխվեց նախագահ Թրամփի օրոք։ Երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Թրամփի վարչակազմը որոշեց աննկատ, բայց ուղղակիորեն շփվել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ պարզելու համար, թե արդյոք հնարավո՞ր է համաձայնության գալ Հարավային Կովկասում։

Ըստ դիվանագետի՝ Բայդենի վարչակազմի և եվրոպական դիվանագիտության աշխատանքը և նրանց ավանդական մոտեցումներին հավատարիմ մնալը բավարար չէր երկու երկրների միջև ուժերի տարբերությունը հաղթահարելու համար, և բարդ էր խաղաղության համաձայնագիր կնքելը։ Թրամփի վարչակազմի հաճախակի բարձր մակարդակի շփումները Հայաստանի վարչապետի հետ ամրապնդել են Հայաստանի դիրքերը բանակցություններում և խթանել Ադրբեջանի նախագահի ավելի կառուցողական մոտեցումը։

Թրամփի վարչակազմի դիվանագիտությունն առանձնացնող տարրը նրա առաջարկն էր մշակել ԱՄՆ-Հայաստան նախագիծ՝ «Թրամփի երթուղի» անվամբ։ Նախկին դեսպանը համարում է, որ շինարարության մեկնարկից հետո երթուղին Հայաստանին կապահովի փաստացի անվտանգության երաշխիք՝ մեծացնելով տարածաշրջանային կայունությունը և ապահովելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավասությունը, ինչը ոչ մի այլ արտաքին բանակցող չի կարողացել անել։

Քրիստինա Քվինի կարծիքով՝ երկարատև կայունություն ապահովելու համար պետք է արվի ավելին, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը բացելու գործողությունները, հայ քաղբանտարկյալների (դեսպանի ձևակերպումը-Խմբ․) ազատ արձակումն Ադրբեջանի կողմից և խոստացված երթուղու իրական կառուցումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *