ՀԱԷԿ-ում շարունակվում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները

ՀԱԷԿ-ում շարունակվում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են 2026թ. պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2026) աշխատանքները՝ հաստատված ժամանակացույցի և գործող տեխնիկական պահանջների խիստ պահպանմամբ։ այս մասին տեղեկանում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի պաշտոնական կայքից։

«ՊՆՎ-2026-ի շրջանակում իրականացվում են համալիր միջոցառումներ՝ ուղղված հիմնական սարքավորումների հուսալիության բարձրացմանը, շահագործման ժամկետների երկարաձգմանը և կայանի անվտանգության մակարդակի կատարելագործմանը։ Այս փուլում իրականացվում են տեխնիկական արդիականացման աշխատանքներ՝ ուղղված հիմնական համակարգերի հուսալիության և անվտանգ շահագործման մակարդակի բարձրացմանը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում կառավարման գործընթացների կատարելագործմանը և ավտոմատ համակարգերի արդիականացմանը։

Բացի այդ, իրականացվում են առանձին հանգույցների տեխնիկական վիճակի բարելավման աշխատանքներ, ինչպես նաև բլոկի կառավարման վահանակի (ԲԿՎ) ազդանշանային համակարգերի արդիականացում՝ մոնիթորինգի և վերահսկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով», – նշված է հաղորդագրության մեջ։

Աշխատանքներին մասնակցում են «Ռոսատոմ Սերվիս» ՊԿ-ի, «Ատոմէներգոռեմոնտ» ընկերության, ինչպես նաև դրա մասնաճյուղ հանդիսացող «Նովովորոնեժատոմէներգոռեմոնտ» (ՆՎԱԷՌ) կազմակերպության ներկայացուցիչները։ Եռակցման աշխատանքների տեխնիկական ուղեկցումն ապահովվում է «ՑՆԻԻՏՄԱՇ ԳԱՄ»-ի մասնագետների կողմից, իսկ եռակցվածքների չքայքայիչ հսկողությունն իրականացնում է «Բելատոմ Սերվիս»-ը։

Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործումը դադարեցվել էր այս տարվա ապրիլի 1-ից։ Պլանային աշխատանքները նախատեսված է ավարտել 5 ամսում։

Հունիս 09, 2026 at 12:02

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *