ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Հունիսի 9-ին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք գտնվում ենք շատ, շատ լավ գործարքի եզրափակիչ փուլում, որը թույլ չի տա [Թեհրանին] որևէ ձևով կամ եղանակով միջուկային զենք ունենալ»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Ասուլիսը հեռարձակվել է «Fox» հեռուստաալիքի յութուբյան էջում։
Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ համաձայնագրի կնքման հիմնական արդյունքներից մեկը կլինի տարածաշրջանում ազատ նավագնացության վերականգնումը։
«[Հորմուզի] նեղուցն անմիջապես կբացվի։ Այն կբացվի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է տեղի ունենալ երկու-երեք օրից»,- ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ չէր ցանկանա վերսկսել Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությամբ հարվածները։ Նրա կարծիքով՝ իրանական նավահանգիստների ծովային շրջափակումն ավելի արդյունավետ միջոց է եղել, քան տարածքների ռմբակոծությունը։