Թուրքիայում ենթադրյալ հանցավոր կազմակերպության գործով 32 մարդ կալանավորվել է, ևս վեցը տնային կալանքի են ենթարկվել։ Ընդհանուր առմամբ, գործով ձերբակալվել է 38 կասկածյալ։ Կալանավորվածների թվում է նաև կազմակերպության ենթադրյալ առաջնորդ Ալիհան Քուրիշը, հայտնում է TRT Haber-ը։
Քննության շրջանակում տներից մեկում, որտեղ խուզարկություն էր իրականացվում հետախուզման մեջ գտնվող Հիլմի Թունա Քուրիշի՝ Ալիհան Քուրիշի եղբոր նկատմամբ, իրավապահները հայտնաբերել են 200 կգ ոսկու ձուլակտոր, որոնց ծագումը դեռևս չի պարզվել։
Քննությունը նաև ուսումնասիրում է կասկածյալների հետ կապված ընկերությունների ֆինանսական գործառնությունները։ Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների քննության վարչության (MASAK) նախնական զեկույցի համաձայն, ընկերություններից մեկի բանկային շրջանառությունը 2017–2026 թվականներին գերազանցել է 66,2 մլրդ թուրքական լիրան, այդ թվում՝ ավելի քան 26,2 մլրդ լիրա կանխիկ մուտքեր։
Մեկ այլ ընկերություն, որի կապիտալը գերազանցել է 1,35 մլրդ լիրան, գրեթե չի ունեցել բանկային գործառնություններ և առևտրային ակտիվություն։ MASAK-ը այս իրավիճակը բնութագրել է «չափազանց ուշագրավ»։
Քննությունը բացահայտել է նաև խոշոր միջազգային փոխանցումներ։ Մասնավորապես, ընկերություններից մեկից Սաուդյան Արաբիա և ԱՄԷ է փոխանցվել գրեթե 8 մլրդ լիրա։ Գումարներ փոխանցվել են նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Իսրայել, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Գերմանիա։
MASAK-ը հայտնաբերել է դեպքեր, երբ արտերկրից ստացված միլիոնավոր դոլարները կարճ ժամանակ անց կանխիկացվել են կամ փոխանցվել այլ ընկերությունների։ Զեկույցում նաև նշվում է խոշոր կանխիկ մուտքերի մասին, որոնց աղբյուրը պահանջում է լրացուցիչ պարզաբանում։
Քննությունը պարզել է մի քանի ընկերությունների, հիմնադրամների և կազմակերպությունների միջև սերտ ֆինանսական կապեր, որոնք առնչվում են գործի ֆիգուրանտներին։ MASAK-ը եկել է այն եզրակացության, որ այն գործառնությունները, որոնց ծագումը կասկածներ է հարուցում, կարող էին իրականացվել կազմակերպված գործունեության շրջանակում։
Քննությունը շարունակվում է։