
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետընտրական իրավիճակը իրենից ներկայացնում է բարդ և հակասական պատկեր։ Կարևոր է հասկանալ ոչ միայն թվային ցուցանիշները, այլև դրանց տակ թաքնված քաղաքական խորքային գործընթացները։ Ի՞նչ ունենք.
1. Առաջին անգամ 2018 թվականից հետո Փաշինյանը ստացել է 50%-ից ցածր քվե։ Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ թեև իշխանությունը պահպանում է ֆորմալ հաղթանակը, սակայն նրա «հանրային մանդատը» դադարել է լինել բացարձակ։ Սա կանխատեսելիորեն հանգեցնելու է իշխանության քաղաքական սնանկացման, քանի որ որոշումներ կայացնելիս իշխանությունը այլևս ստիպված է ապավինել ոչ թե լայն հանրային աջակցությանը, այլ ավելի շատ ուժային և վարչական գործիքակազմին։
2. Մասնակցության աճը և ձայների բաշխման նոր դիսպրոպորցիան կարևոր է։ Ունենք մասնակցության աճ մոտ 195 հազար, որից Փաշինյանի բաժինը 30 հազարից քիչ ավելին է, ինչը նշանակում է, որ նոր կամ «արթնացած» ընտրազանգվածը հիմնականում չի քվեարկել իշխանության օգտին։ Սա վկայում է, որ առաջիկա գործընթացներն ունենալու են «ռեակտիվ» բնույթ։
3. «Քվեների փոշիացման» նվազումը հաստատում է, որ ընտրողը վերջնականապես անցում է կատարել դեպի «երկբևեռ» համակարգ։ Ընդդիմադիր ուժերը այս հանգամանքը այլևս անտեսել չեն կարող` կա միասնական ընդդիմության ձևավորման հանրային պահանջ և պատվեր։ Նիկոլամետ ուժերի համադիր քվեները փոշիացած ձայների համամասնության մեջ 2018֊ի և 2021֊ի համեմատությամբ նվազել են։ Այսինքն` տիտղոսակիր ընդդիմությունից և իշխանությունից դուրս այլընտրանքային քաղաքական դաշտը ավելի է ընդդիմադիր է դառնում։ Սա անխուսափելիորեն և վերջնականապես բյուրեղացնելու է իշխանության «մեկուսացումը»։
4. Եվ ամենակարևորը։ Փաշինյանի այս արդյունքը «հարամ հաղթանակ» է, քանի որ բոլորին տեսանելի դարձավ ընտրական գործընթացում ճնշող, վճռորոշ ազդեցություն են ունեցել վարչական և ուժային լծակները։ Այլևս փաստ է, որ ընտրությունը վերջնականապես վերածվել է «գործող համակարգի վերարտադրության մեխանիզմի», ինչպես մինչև 2018 թվականն էր։
Ամփոփեմ։ Ամենավտանգավոր երևույթը ժողովրդավարական համակարգի համար, երբ ընտրողը չի ցանկանում կամ անիմաստ է համարում ուղղակի խորհրդարանական ընդդիմություն ունենալ։ Այս իրավիճակում անխուսափելի է առաջիկա քաղաքական պայքարի խորհրդարանից փողոց տեղափոխվելը։ Յուրաքանչյուր արտաքին կամ ներքին ցնցում անխուսափելիորեն դառնալու է համակարգային ճգնաժամի պատճառ։ Այս ընտրությունների արդյունքը կարելի է բնութագրել որպես «տեխնիկական հաղթանակ քաղաքական պարտության ֆոնին»։ Փաշինյանը պահպանեց աթոռը, բայց կորցրեց հանրային մանդատի բարոյական հենքը։
Նման իրավիճակներում իշխանությունը ամեն կերպ փորձելու է «գնել» ժամանակ՝ ավելի կոշտացնելով ներքին քաղաքականությունը, ինչը, սակայն, անխուսափելիորեն մեծացնելու է այս համակարգի մաշվածությունը։
2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանը մտավ իշխանափոխության շրջափուլ, որ կավարտվի նոր հեղափոխությամբ կամ արտահերթ ընտրություններով»: