«Հրապարակ»․ Անգամ 90-ականների ընտրություններն այս կարգի խախտումներով չէին զուգորդվում

«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն է:

– Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ ընդդիմադիր գործիչներին, նախընտրական փուլում, առհասարակ, անզուսպ է դարձել նրա խոսույթը, անգամ որոշել է, որ երեք ընդդիմադիր առաջնորդները պետք է բանտարկվեն, եւ նույնիսկ ազատազրկման ժամկետ է նշում` տասը տարի: Դրանից առաջ էլ խոստանում էր ունեզրկել Գագիկ Ծառուկյանին, պետականացնել նրա առանձնատունը, գործարանները, այն պարագայում, երբ Ծառուկյանը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել: Որպես նախկին դատավոր` ի՞նչ գնահատական կտաք այս հայտարարություններին:

– Նիկոլ Փաշինյանն այնքան անհեթեթ հայտարարություններ է արել այս ութ տարիների ընթացքում, որ ես պարզապես դադարել եմ զարմանալ նրա հերթական անհեթեթ հայտարարություններից: Նա ստանձնել է դատավորի, քննիչի ու դատախազի դեր՝ մոռանալով, որ չի կարող որեւէ դատավճիռ որոշել: Անգամ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները կարող են գնահատական տալ այս պրոցեսին: Անձը միայն մեղավոր է ճանաչվում դատարանի՝ ուժի մեջ մտած դատական ակտով, մնացյալ որեւէ պարագայում նման հայտարարություններ անելն անթույլատրելի է: Այս պարզ գիտելիքին տիրապետում են անգամ չկայացած իրավաբանները:

– Բայց իրավապահ համակարգը, դատարանները ծայրաստիճան հնազանդ են ու խելոք կատարում են նրա հրահանգները, կարծես այդպես էլ պետք է լիներ: Օրինակ` Փաշինյանի այն հայտարարությունից հետո, երբ նա պնդեց, որ «Արարատ ցեմենտը» պետք է պետականացնել՝ այն խլելով Ծառուկյանից, անմիջապես ժամեր անց գործ հարուցվեց, եւ դատախազությունը մի բոցաշունչ հաղորդագրություն տարածեց այդ մասին: Երեկ էլ մեղադրանք են առաջադրել Ծառուկյանին` հարկերից խուսափելու համար:

– Ես չեմ զարմանում այս ամենից: Դա այսօրվա Հայաստանի բարքերից է, հիշենք, թե ութ տարի առաջ ինչ հայտարարություններ էին արվում Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված: Բազմահազարանոց հանրահավաք էին կազմակերպում եւ դատավճիռներ կարդում: Ուղղորդում էին դատարաններին, ավելի ճիշտ` հրահանգում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործով կայացվեն համապատասխան որոշումներ: Ես դեռ այն ժամանակ, երբ գործող դատավոր էի, այդ երեւույթը որակել էի որպես ճնշում, թեպետ կաշկանդված էի` դատավորի էթիկայի առումով, սակայն չեմ լռել եւ անդրադարձել եմ այդ խնդրին՝ պնդելով, որ կատարվածն անթույլատրելի է: Ութ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել` դրական առումով, Փաշինյանը եւ նրա թիմակիցներն իրենց թույլ են տալիս դատավճիռներ կարդալ, մարդկանց անմեղության կանխավարկածը հաշվի չառնել, եւ այդ ամենը եվրոպական կառույցների կողմից չի արժանանում համապատասխան գնահատականների: Ինչո՞ւ եմ հատկապես նշում եվրոպական կառույցներին, որովհետեւ նրանք են դեմոկրատիայի ջատագովները եւ նրանք են, որ պետք է մտահոգվեն այս հակադեմոկրատական քայլերով: Թե՛ գործնականում, թե՛ հայտարարությունների մակարդակով փաստացի Փաշինյանը չի արժանացել միջազգային կառույցների գնահատականներին:

– Ավելին` եվրոպական երկրների ղեկավարները, իրար հերթ չտալով, շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին, խայտառակ ընտրակեղծիքների, վախի մթնոլորտ ստեղծելու, ապօրինի քայլերի ու քվեներ նկարելու կապակցությամբ….

– Այո, դե գուցե դա է դեմոկրատիան արդեն, ուղղակի մենք լավ չենք հասկանում:

– Արձանագրեցիք, որ ոչ մի դրական տեղաշարժ չի եղել այս ութ տարիների ընթացքում, իսկ բացասական ի՞նչ փոփոխություններ կան դատաիրավական համակարգում:

– Բացասական փոփոխություններն այնքան շատ են, որ եթե հերթով դրանք թվարկեմ, մի ամբողջ օրը չի բավականացնի: Դրանք անասելի շատ են: ԲԴԽ-ի աշխատանքին առնչվող հարցեր, դատավորների նշանակումներ, ու այսպես շարունակ, ամենուր միայն ձախողումներ ու օրենքի խախտումներ են:

– Այս ամենը, ըստ Ձեզ, ընտրական պրոցեսների վրա թողե՞ց ազդեցություն. ռեպրեսիաներ, վախի մթնոլորտ, դատական համակարգը որպես իշխանական մահակ կիրառելու դրսեւորումներ եւ այլն:

– Հետեւում եմ հետընտրական զարգացումներին, ես իմ կյանքում նման ընտրություններ չեմ հիշում: Անգամ 90-ականների ընտրություններն այս կարգի խախտումներով չէին զուգորդվում: Ես, իհարկե, դիտորդ չեմ, ոչ էլ՝ վստահված անձ, սակայն հետեւում եմ հրապարակումներին, ընդդիմադիր ուժերը բավականին պատրաստված էին, տեսանկարահանում էին: ԵԱՀԿ-ն մեծաթիվ խախտումներ է արձանագրել, ես պատկերացնում եմ, թե ինչքան շատ են դրանք եղել, եւ ընդամենը մի մասն են կարողացել արձանագրել: Այս ամենի ֆոնին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել անկախ լրագրողներին, նրանք մեծ աշխատանք կատարեցին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *