
«Այն ուժերին, որոնց վերագրվում են ձայնագրությունները, նրանց առաջնորդները որևէ կարգավիճակ ունե՞ն՝ հարցաքննության կանչվելու, որևէ կերպ ներգրավվա՞ծ են այդ գործերում։ Օրինակ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապված բազմաթիվ ձայնագրություններ են եղել, Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը հրավիրվե՞լ են, թե՞ ոչ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին։ «Դա, ըստ էության, առանձին քրեական վարույթներով պատասխանելու հարց է, մենք պետք է ուսումնասիրենք տվյալ քրեական վարույթը և տեսնենք, թե ինչ ապացույցներ ունենք։ Եթե մենք ապացույցներ ունենք որևէ իքս քաղաքական ուժի ղեկավարության մասով, ապա, բնականաբար, այդ կսկսվեն քրեաիրավական գործընթացներ և կգնանք քրեական հետապնդումների»,- ի պատասխան ասաց ՀԿԿ նախագահը։