2025 թվականին կենսաթոշակային ֆոնդերն ապահովել են 12.4% եկամտաբերություն։ Այս մասին նշված է Կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվության» մեջ։ Սակայն 2026 թվականի տարեսկզբին բացասական ցուցանիշներ են գրանցվել։ Այս մասին գրում է «Հետքը»։
Ինչո՞վ է ԿԲ-ն բացատրում 2025-ի «բարձր եկամտաբերությունը»
Նշված տարում, ըստ հաշվետվության, կենսաթոշակային ֆոնդերում կուտակվող գումարները՝ ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը (ԶԱԱ), աճել են 34.2%-ով` հասնելով շուրջ 1.4 տրիլիոն դրամի։
Դա, ըստ գլխավոր դրամատան, պայմանավորված է ինչպես քաղաքացիների աշխատավարձերից դեպի ֆոնդեր հոսող սոցիալական վճարների աճով, այնպես էլ ֆոնդերի բարձր եկամտաբերությամբ։
Ֆոնդերի կուտակային եկամտաբերությունը գործունեության մեկնարկից ի վեր կազմել է 138.1%, իսկ միջին տարեկան եկամտաբերությունը՝ 8.3%։
Ֆոնդերի եկամտաբերության տեսանկյունից վատագույնը 2022 թվականն էր, երբ տարեկան կտրվածքով գրանցվեց -7.9% եկամտաբերություն։
Հայաստանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է երկու մասնավոր կազմակերպություն՝ ֆրանսիական ծագմամբ «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն (Amundi-Acba Asset Management CJSC) և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն (C-Quadrat Ampega Asset Management Armenia LLC)։ Նրանք կառավարման դիմաց ստանում են վճարներ, որոնք գանձվում են հենց ֆոնդերից։
Կառավարիչներից յուրաքանչյուրը ղեկավարում է երեք պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային:
Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները լրացուցիչ եկամուտ ստանալու նպատակով ներդրվում են տարբեր գործիքներում. պետությունն է դրանք պարտքով վերցնում, բանկերում ավանդներ են դրվում կամ գնվում են բաժնետոմսեր։
«Կենսաթոշակային ֆոնդերի բարձր եկամտաբերությունը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ պետական պարտատոմսերի, ինչպես նաև օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերի գների աճով: Այս գործիքները, ինչպես անցյալում, այնպես էլ այս տարի, գերակշռող մասնակցություն են ունեցել ֆոնդերի ներդրումային պորտֆելներում՝ տարեվերջին զուտ ակտիվների արժեքի նկատմամբ կազմելով համապատասխանաբար 37% և 33.3%` ընդհանուր առմամբ մնալով գերակշռող»,- նշված է ԿԲ հաշվետվության մեջ։
Ինչու՞ է 2026 թվականի առաջին կիսամյակը «մինուսով»
«Մերձավոր Արևելքում լարվածության սրումը հանգեցրեց գլոբալ շուկաների կողմից աշխարհաքաղաքական ռիսկերի կտրուկ վերագնահատման։ Տարեսկզբի դրական միտումներն արագորեն չեզոքացվեցին՝ հանգեցնելով նավթի և գազի գների կտրուկ աճի, գնաճային սպասումների վերակենդանացման, ինչի հետևանքով ֆինանսական շուկաներում սկսվեց ներդրումային տարբեր ակտիվների զանգվածային վաճառք։
Մարտը բարդ շրջան էր շուկաների համար. ճնշման տակ հայտնվեցին ինչպես բաժնետոմսերը, այնպես էլ պետական պարտատոմսերը, մինչդեռ ապրանքային շուկաները հանդես եկան որպես ակնհայտ հաղթող։ Այս աշխարհաքաղաքական պայմաններում տնտեսական ցնցման ազդեցությունն են կրել նաև կենսաթոշակային ֆոնդերը»,- այս մասին նշված է «Ամունդի-Ակբա»-ի՝առաջին եռամսյակի ամփոփման մեջ։
Մասնավորապես, «Ամունդի-Ակբա»-ի հավասարակշռված ֆոնդի եկամտաբերությունն առաջին եռամսյակում կազմել է -0.69%, պահպանողական ֆոնդինը՝ -0.28%, կայուն եկամտայինը՝ 1.04%։ Նշենք, որ «Ամունդի-Ակբա»-ում կուտակվող գումարների ճնշող մեծամասնությունը պահպանողական ֆոնդում են։
Մյուս կառավարչի՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի դեպքում ևս գումարների մեծ մասը պահպանողական ֆոնդում են։ Նշված կառավարչի պահպանողական ֆոնդի եկամտաբերությունն առաջին եռամսյակում կազմել է -0.2%, հավասարակշռված ֆոնդինը՝ -0.4%, կայուն եկամտայինը՝ 1.2%։
«Ցե-Կվադրատ»-ը ևս առաջին եռամսյակի բացասական ցուցանիշները պայմանավորում է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածությամբ, էներգակիրների գների աճով, գնաճային ռիսկերի մեծացմամբ և դրանց հետևանքներով։
«Համաշխարհային բաժնային շուկաների անկումը, հատկապես զարգացած երկրների շուկաներում, ինչպես նաև դրամի արժևորումը հիմնական արտարժույթների նկատմամբ, կարճաժամկետ բացասական ազդեցություն ունեցան արտասահմանյան ներդրումների եկամտաբերության վրա։ Միևնույն ժամանակ, տեղական պետական և կորպորատիվ պարտատոմսերը, ինչպես նաև ավանդները, ապահովեցին կայուն դրական արդյունքներ՝ մասամբ մեղմելով միջազգային շուկաների բացասական դինամիկան»,- նշված է«Ցե-Կվադրատ»-ի ամփոփման մեջ։
Ինչպես միշտ, նման դեպքերում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հորդորում են տվյալները դիտարկել ոչ թե կարճաժամկետ կտրվածքով (օրինակ՝ եռամսյակով), այլ տարեկան կամ ստեղծման պահից գրանցված եկամտաբերությամբ։
Ինչպե՞ս են կառավարվում քաղաքացիների ապագա կենսաթոշակային գումարները, ինչպե՞ս է գնաճն ազդելու այդ գումարների վրա, և ինչպե՞ս են քաղաքացիները ստանալու այդ միջոցները։
Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում