Պենտագոնի շենքում մի քանի հարկ փակվել է «օդի որակին առնչվող խնդրի» հայտնաբերման պատճառով, ինչը ստիպել է վտանգավոր նյութերի արձագանքման խմբերին ժամանել դեպքի վայր, հայտնում է BBC News-ը։
«Շենքի համակարգերը հայտնաբերել են օդի որակին առնչվող խնդիր, որը պահանջում է նախազգուշական միջոցների ձեռնարկում, քանի դեռ մենք չենք պարզել դրա լրջությունը,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը։- Դեպարտամենտը կատարում է պաշտպանության ստանդարտ արձանագրությունները, ներառյալ տեղում ապաստանելու հրահանգը տուժած տարածքում»։
Պենտագոնին աջակցում են Arlington Fire & EMS հրշեջ ծառայությունները, որոնք սոցիալական ցանցերում հաղորդագրություն են տեղադրել այն մասին, որ արձագանքում են վտանգավոր նյութերին առնչվող միջադեպին։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ շենքում գտնվող ոստիկանները կրում են հակագազեր և լիարժեք քիմիական պաշտպանության հանդերձանք։
Պենտագոնը ծառայում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կենտրոնակայան, և այդ շենքում աշխատում է ավելի քան 20 հազար պետական ծառայող։