Սուրեն Պապիկյան, ես ձեզ տվել եմ առողջ երեխա ու պահանջում եմ առողջ երեխա․ 2 ամիս ծառայելուց հետո զորացրված զինվորի մայր

«Իմ երեխեն ոչ մի խնդիր չի ունեցել, առողջ երեխուս ուղարկեմ բանակ, 2 ամիս հետո զանգեն ասեն՝ տարել ենք հոգեբուժարա՞ն»,- այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի բնակիչ, բազմազավակ մայր Աշխեն Տեր-Հարությունյան։

Նրա խոսքով՝ տղան՝ Վարդան Տեր-Հարությունյան, 2025 թվակաի հունվարին է զորակոչվել, սակայն ծառայության 2-րդ ամսում լուրջ խնդիրներ են առաջացել, մի քանի բուժհաստատությունում բուժումներ անցնելուց հետո ուղարկել են տուն՝ մայրական խնամք, իսկ երբ սահմանված ժամկետը լրացել է, տեղեկացրել են, որ հիվանդության պատճառով տղան զորացրվել է։

Հենց այդ պահից սկսած տղայի բուժման ամբողջ ծախսերը մնացել է ընտանիքի վրա։

«Ես անօգնական եմ, չունեմ ոչ մի բան, օրավարձով աշխատող եմ, իմ երեխեքը պետությունից ոչ մի օգնություն չեն ստանում ։ Անգամ 44-օրյա պատերազմի մասնակից իմ երեխու մեդալը տարել եմ, դա էլ չի անցնում իրենց մոտ։ Հարգելի պարոն վարչապետ, դու այսքան ասում եք՝ զինվորը, զինվորը, զինվորը․․․ 2 տարի է՝ իմ երեխու համար ես մի սրտի վիրահատության գումար եմ ծախսել, բոլոր փաստաթղթերն ունեմ, բոլոր կտրոններն ունեմ, 3 օր երեխեն պառկել է վերակենդանացման բաժանմունքում, միայն դրա համար 300 հզար դրամ եմ վճարել, օրը 100 հազար էր։ Իմ մեծ տղան տնից-տեղից կտրվել, գնացել է Ռուսաստան աշխատելու, որ կարողանանք այս վարկերը, տոկոսները փակենք․․․»,- ասաց տիկին Աշխենը։

Ծառայության 2-րդ ամսում հիվանդության պատճառով զորացրված տղայի մայրը դիմեց Նիկոլ Փաշինյանին և Պաշտպանության նախարարին․

«Սուրեն Պապիկյան, ես ձեզ տվել եմ առողջ երեխա ու պահանջում եմ առողջ երեխա։ Ես չգիտեմ՝ ինչ են արել չաստում, չգիտեմ՝ ինչեր են անում բանակում, դա դուք պետք է իմանաք ու ձեր հրամանատարները, թե երեխեքի հետ ինչ են անում։ Շաբաթը մեկ լսում ենք, որ զինվորն իրեն կախում է, զինվորը խի՞ պետք է իրեն կախի, քաղաքացիական պայմաններում երեխեքն իրենց չեն կախում, գնում են բանակ, իրենց կախո՞ւմ են, պատճառն ի՞նչ է։ Ուրեմն ճնշում են, նեղացնում են, ստորացնում են։ Դրանց դեմը դուք պետք է պայքարեք։

Այս հարցին լուծում տվեք, եթե չէ, ուրմեն պարոն վարչապետ, դուք ոչ խիղճ ունեք, ոչ հոգի ունեք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *