Եթե ԱՄՆ-ը կրկին հարվածներ հասցնի, ավելի խիստ պատասխան կստանա. «Խաթամ ալ-Անբիա»

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կրկնակի ռազմական հարվածների դեպքում հակամարտությունը կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և դառնալ ավելի մասշտաբային՝ ազդելով միջազգային անվտանգության և համաշխարհային տնտեսության վրա, հայտնում է Tasnim-ը։

Նա  շեշտել է, որ ԱՄՆ-ը, մի կողմից, խոսում է բանակցությունների և հնարավոր համաձայնագրերի մասին, իսկ մյուս կողմից՝ շարունակում է «գործողություններ, որոնք նա անվանել է թշնամական», ինչն, ըստ նրա պնդման, տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառն է և սպառնալիք միջազգային առևտրի համար, հատկապես Հորմուզի նեղուցի շրջանում։

«Նախազգուշացնում ենք. եթե ԱՄՆ-ը նորից հարվածներ հասցնի Իրանին, նրանք կստանան ավելի խիստ պատասխան, քան նախկինում, իսկ պատերազմի կրակը ոչ միայն կուժեղացնի անկայունությունը տարածաշրջանում, այլև կտարածվի ավելի լայնորեն»,- նշել է շտաբի հրամանատարը։

Նա հայտարարել է նաև, որ ամերիկյան ղեկավարությունը, իր կարծիքով, սխալ է հասկանում իրանական հասարակությունն ու զինված ուժերը, իսկ ԱՄՆ տեղեկատվական արշավն ի վիճակի չէ թաքցնել, ինչպես ինքն է արտահայտվել, «ձախողումներն ու պարտությունները»։

Առանձնահատուկ նա նշել է, որ իրանական նավթային ենթակառուցվածքների հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին գործում է հետևյալ սկզբունքը. կա՛մ նավթի և գազի արտահանումն իրականացվում է բոլոր կողմերից՝ առանց սահմանափակումների, կա՛մ այն հնարավոր չի լինի ոչ մեկի համար։

Հայտարարությունը հնչել է Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության և տարածաշրջանում հակամարտության հնարավոր էսկալացիայի մասին փոխադարձ նախազգուշացումների ֆոնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *