Նիգերի իշխանություններն նոր Քրեական օրենսգիրք են ընդունել, որը քրեական պատիժ է նախատեսում նույնասեռական հարաբերությունների համար, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։ Այսպիսով, երկիրը միացել է Արևմտյան Աֆրիկայի մի շարք պետություններին, որոնք վերջին տարիներին խստացրել են ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ օրենսդրությունը։
Չնայած նույնասեռ հարաբերությունների թեման ավանդաբար տաբու է համարվում գերազանցապես մահմեդական Նիգերում, նախկինում նման հարաբերությունները քրեական հանցագործություն չէին համարվում։
Նոր օրենսգիրքն ընդունել է երկրի զինվորական ղեկավարությունը՝ Աբդուրահաման Տիանիի գլխավորությամբ, որն իշխանության է եկել 2023 թվականի հուլիսի հեղաշրջումից հետո։ Նոր իշխանությունները վարում են ինքնիշխանության ամրապնդման և արևմտյան ազդեցությունից հեռավորություն պահպանելու քաղաքականություն։
Ըստ նոր օրենսդրության՝ նույնասեռական հարաբերություններն այժմ պատժվում են հինգից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ, ինչպես նաև տուգանքով։
Օրենքը նախատեսում է պատիժ նաև այնպիսի գործողություններ կատարելու կամ կատարելու փորձի համար, որոնք իշխանությունները սահմանում են որպես «անվայել» կամ «անբնական»՝ ներառյալ ԼԳԲՏ համայնքին վերագրվող գործելաոճերը։
Առանձին պատասխանատվություն է սահմանվել նույնասեռական ամուսնությունների համար։ Նման միության մեջ մտնելու համար նախատեսված է պատիժ՝ տասից քսան տարի ժամկետով ազատազրկմամբ։
Նույնպիսի ժամկետներ են սպառնում այն անձանց, որոնք ստեղծում, ֆինանսավորում, ղեկավարում կամ մասնակցում են ԼԳԲՏ համայնքի հետ կապված կազմակերպությունների գործունեությանը։
Նիգերի արդարադատության նախարար Ալիու Դաուդան հայտարարել է, որ երկիրն այս որոշումն ընդունել է «լիակատար պատասխանատվությամբ և սուվերենությամբ», քանի որ նույնասեռ հարաբերությունները, նրա խոսքով, չեն համապատասխանում պետության սոցիալական և մշակութային արժեքներին։
Ավելի վաղ Բուրկինա Ֆասոն մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում էր սահմանել նույնասեռ հարաբերությունների համար, Գանայում ընդունվել էր օրենք՝ առավելագույնը մինչև երեք տարի բանտարկության ժամկետով, իսկ Սենեգալը վերջերս կրկնապատկել էր նմանատիպ իրավախախտումների համար նախատեսված առավելագույն պատիժը։