ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է Իրանի մի խումբ քաղաքացիների և այլ ներգաղթյալների արտաքսել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն՝ երրորդ երկրներից արտաքսվողների ընդունման մասին համաձայնագրի շրջանակում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գործողության նախապատրաստմանը ծանոթ աղբյուրներին։
Ըստ փաստաբան Էմիլի Թրոսթլի՝ արտաքսման ենթակա անձանց թվում կան երկու իրանցի կանայք, որոնք, ինչպես նա պնդում է, Իրան վերադառնալու դեպքում կարող են հալածանքների ենթարկվել։ Նրանցից մեկը քրիստոնեություն ընդունած անձ է, մյուսը՝ ժողովրդավարության կողմնակից ակտիվիստ։
Երկու կանայք էլ ձերբակալվել են 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ ժամանելուց հետո։ Նրանք ապաստան ստանալու հայցեր են ներկայացրել և ամերիկյան ներգաղթի դատարանից հայրենիք հարկադիր վերադարձից պաշտպանություն նախատեսող կարգավիճակ են ստացել։
Աղբյուրների տվյալներով՝ դեպի Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն առաջին չվերթով կարող է տեղափոխվել մոտ 20 մարդ։ Ակնկալվում է, որ բացի իրանցիներից, ինքնաթիռում կլինեն Սիրիայի, Աֆղանստանի և Թուրքիայի քաղաքացիներ։
Reuters-ի տեղեկություններով՝ արտաքսվածները սկզբնապես կտեղավորվեն երկրի մայրաքաղաք Բանգիի բնակարաններում։ Նրանց անհապաղ ուղարկումն իրենց ծագման երկրներ չի նախատեսվում։ Աղբյուրը հայտնել է նաև, որ հեռանկարում այս համաձայնագրով Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն կարող են ուղարկվել հարյուրավոր ներգաղթյալներ։
ԱՄՆ վարչակազմն օգտագործում է երրորդ երկրների հետ նմանատիպ համաձայնագրեր այն անձանց արտաքսելու համար, որոնց իրավական պատճառներով դժվար է ուղարկել անմիջապես հայրենիք։
Վաշինգտոնը պնդում է նման միջոցների օրինականությունը, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են նման պայմանավորվածությունների ոչ թափանցիկ լինելը և մտահոգություն հայտնում արտաքսվածների հետագա ճակատագրի վերաբերյալ։
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության իշխանությունների խնդրանքով ժամանողներին հումանիտար օգնություն կցուցաբերի նրանց ժամանումից հետո՝ ընդգծելով, որ կազմակերպության մասնակցությունը կլինի բացառապես կամավոր և միջազգային չափանիշներին համապատասխան։