
Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ
– Այս ընտրությունը, ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնանում նախորդ ընտրություններից, եւ որքանո՞վ են ընդունելի Ձեզ համար հրապարակված արդյունքները։
– «Ապրելու երկիր» կուսակցության տեսակետն այն է, որ ընտրություններն անցել են ընտրախախտումներով։ Մինչ բուն քվեարկության փուլը, մասնավորապես քարոզարշավի եւ դրան նախորդած ժամանակահատվածում, էական խախտումներ են եղել, առաջին հերթին՝ վարչական ռեսուրս, ճնշումներ՝ ուժային կառույցների կողմից, որոնք էականորեն անդրադարձել են մարդկանց վարքագծի վրա։ Ցավոք, մեր հասարակության մի մասը, սոցիալական եւ տարբեր խնդիրներից ելնելով, ստիպված գնացել է այդ ճնշումներին, զերծ են մնացել նաեւ ճնշումների մասին բարձրաձայնելուց, ինչն էլ էական ազդեցություն է ունեցել։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն տեղամասերում, որտեղ ակնհայտ բարձր մասնակցություն է եղել, ու ակնհայտ երեւում է, որ վարչական ռեսուրս է կիրառվել, այդտեղ ՔՊ-ի ձայները շատ ավելի բարձր են, այսինքն՝ այդ տեսանկյունից մենք համարում ենք, որ այս արդյունքների վրա ձեւավորված կառավարությունը ոչ լեգիտիմ է։ Այստեղ պետք է ընդգծել նաեւ ձերբակալությունները, որոնք փաստացի այդ ուժերի մոտ առաջացրել են խոչընդոտներ։ Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդկանց մարզերից կանչել են հարցաքննության, ամբողջ օրը սպասեցրել ու հետ են ուղարկել։ Սա հանգեցնում է ոչ միայն հոգեբանական ճնշման, այլ նաեւ՝ ժամանակի կորստի։ Քարոզարշավի ընթացքում եւս խնդիրները բազմաթիվ էին, Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտ կողմնակալ քարոզչություն էր իրականացնում։ Այս ամեն ինչն իր չափով ազդեցություն է ունեցել։ Եթե ամեն մի մեթողը 10-20 հազար հոգու վրա ազդի, ապա դա կդառնա 190-200 հազար ընտրող, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց կամքն ազատ արտահայտել։ Ազատ ընտրությունների պարագայում այս պատկերը լրիվ այլ կլիներ, եւ լրիվ այլ կառավարություն կձեւավորվեր։
– Զինվորներին վերջին պահին` ժամը 20:00-ին մոտ կամ անց, ընտրատեղամաս բերելն ինչի՞մասին կարող է վկայել։
– Զինվորների մասնակցությունը, ցավոք, տասնամյակներով շարունակվող խնդիր է, այսինքն՝ ակնհայտ է, որ զինվորների նկատմամբ վերահսկողության մեխանիզմները շատ ավելի մեծ են լինում։ Ինչ վերաբերում է զինվորներին վերջին պահին ընտրության բերելուն, չեմ ուզում ասել, որ հատուկ են արել, ենթադրում եմ, որ դա արվել է նրա համար, որ քանի որ համայնքների ընտրատեղամասերում են քվեարկում, այնպես են արել, որ չխաթարի ընտրական պրոցեսի բնականոն ընթացքը, որ միանգամից մի քանի հարյուր զինվոր ընտրատեղամաս գալով հերթեր չառաջացնեն։
– Ընտրություններից հետո մեկնարկել է ձայների վերահաշվարկը, եւ ակնհայտ է, որ խախտումներ են տեղի ունեցել, մեծ մասամբ՝ հօգուտ իշխանությունների։ Սա ինչի՞ մասին է խոսում, հատկապես որ ԲՀԿ-ի դեպքում մեկ ձայնն անգամ կարող է որոշիչ լինել։
– Բավականին մտահոգիչ է, որ այս դարում, օր ու գիշեր բարձր տեխնոլոգիաներից ու համաշխարհային ներդրումներից խոսող իշխանությունը չի կարողանում ապահովել ձայների հաշվարկի ավտոմատացված վերահսկում։ Ծիծաղելի է, որ ինչ-որ մեկը նստած՝ թվեր է մուտք անում, երբ կարելի էր դա ավտոմատացված անել, հատկապես որ բազմաթիվ երկրներ արդեն անցում են կատարել, որ հենց քվեատուփի մեջ սկաները ճանաչում է քվեաթերթիկը, թե ում ես ընտրել, այդ թիվը հաշվում է, վերջում ձայները հաշվելուց համադրում են։ Այս մեխանիզմները պետք է իշխանությունները դնեն։ Բայց այս իրավիճակում ես՝ ինքս էլ մի շարք փաստեր համադրել եմ, համատարած մեծ տարբերություն չեմ տեսնում։ Իհարկե, ԲՀԿ-ի պարագայում դա վճռորոշ է, բայց համատարած չէ, ավելի շատ սա փնթիության հետեւանք է, ոչ թե համակարգված կեղծիքի, որովհետեւ տասնյակ մարդիկ են ներգրավված այս պրոցեսում։ Ինչ-որ մարդիկ կա՛մ արջի ծառայություն են մատուցել, որովհետեւ իրենք պատասխանատվություն են ունեցել ձայներ ապահովելու, կա՛մ էլ սխալի հետեւանք է եղել։ Ամեն դեպքում, հաշվարկն իր արդյունքները կտա, բայց մյուս կողմից ես չեմ ուզում, որ միայն այս փուլի վրա կենտրոնանանք։ Ցավոք, ընդդիմադիր որոշ գործընկերներ կենտրոնացել են, որ ընտրախախտումները հենց այս ձայների արձանագրած ֆայլում են, բայց, գլխավորը թողած, պետք չէ ընկնել միայն սրա հետեւից, իհարկե, այստեղ խոսքը «Բարգավաճի» մասին չէ։
– Ընտրություններից հետո ամենաքննարկված հարցերից է մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։
– Խնդիրը մանդատները վերցնել-չվերցնելը չէ, խնդիրն այս կամ այն ճանապարհով գնալու հաջորդ քայլերն են, որովհետեւ, եթե մենք դնում ենք խնդիր, որ օրվա իշխանությունը պետք է հեռանա, ապա մենք պետք է գանք վերջից` թե ինչ պետք է անենք դրա համար։ Միայն մանդատ դնելը չի բերելու իշխանության հեռացմանը, ոչ էլ մանդատ վերցնելը։ Հետեւաբար, քայլերի ամբողջականության պարագայում պետք է գնահատել։ Բավականին բարդ է` երկու ճանապարհն էլ ունի ե՛ւ իր առավելությունները, ե՛ւ իր թերությունները։ Այս մանդատ վերցնել-չվերցնելու խոսույթն ավելի շատ եկավ նախորդ խորհրդարանի ժամանակ, որը որոշ չափով քաղաքական ճգնաժամ առաջացնում է, բայց չի դառնում ԱԺ-ն լուծարելու հիմք։ Բայց նման օրինակ ունենք Վրաստանում, որը չի բերում իշխանության թուլացման, այդ պատճառով միանշանակ չէ, թե որ ճանապարհն է արդարացված։