Մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի նախկին ղեկավար Խոակին Գուսմանը, որը հայտնի է «Կարճլիկ» (El Chapo) մականունով և ԱՄՆ-ում կրում է ցմահ պատիժ, նամակով դիմել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին՝ իրեն հայրենիք վերադարձնելու խնդրանքով։ Այս մասին հայտնել է Milenio պարբերականը։
Իր դիմումում թմրաբարոնը դժգոհել է ամերիկյան քրեակատարողական հիմնարկի վատ պայմաններից։ Գուսմանը նշել է, որ իրեն բոլորովին դուր չի գալիս ԱՄՆ բանտում գտնվելը, ուստի խնդրում է պետության ղեկավար Կլաուդիա Շեյնբաումին իրեն այնտեղից հանել և տեղափոխել Մեքսիկա։
Խոակին Գուսմանը ԱՄՆ է արտահանձնվել 2017 թվականին։ 2019 թվականին ամերիկյան դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման և հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեղադրանքներով։ Այժմ նա պատիժը կրում է Կոլորադո նահանգի ADX Florence առավելագույն խիստ ռեժիմի բանտում։