
ԿԸՀ-ի որոշումը, որով անվավեր են ճանաչվել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ԲՀԿ-ում գնահատում են որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված քայլ։ Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ անվավեր ճանաչված են հենց այն երկու ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն գրանցել էր համեմատաբար բարձր աջակցություն։ Տոնոյանը նշել է, որ այդ որոշման հետևանքով անվավեր է համարվել ավելի քան 200 քվե, ինչի արդյունքում կուսակցությունն այլևս չի հաղթահարում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։
ԲՀԿ խոսնակը տեղի ունեցածը որակել է որպես հարված ժողովրդավարությանը և արդար ընտրությունների սկզբունքներին՝ այն դիտարկելով որպես քաղաքական հետապնդում և հաշվեհարդար ընդդիմադիր ուժի նկատմամբ։
Տոնոյանը նաև հիշեցրել է, որ քվեարկության հաջորդ առավոտյան ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով ԲՀԿ-ն հաղթահարել էր անցողիկ շեմը։ Սակայն, նրա պնդմամբ, կարճ ժամանակ անց հրապարակված տվյալներում պատկերը փոխվել է, և կուսակցությունն արդեն դուրս է մնացել խորհրդարան անցնող քաղաքական ուժերի ցանկից։
«Սա հարված է ժողովրդավարությանը, արդարությանը, քաղաքական հետապնդում է, քաղաքական հաշվեհարդար է ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ»,- ասել է նա: