Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի հիմնական կետերն արդեն հաստատվել են

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի մեծ մասն արդեն հաստատվել է՝ չնայած Վաշինգտոնի հակասական դիրքորոշմանը։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։

«Ինչ վերաբերում է տեքստին, ապա դրա հիմնական մասերը գրեթե ավարտված են։ Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումները միշտ եղել են այս գործընթացում տատանումների և խափանումների պատճառ», – նրա խոսքերը մեջբերել է Press TV հեռուստաալիքը։

ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրման վայրի և ժամկետի վերաբերյալ բոլոր ենթադրությունները Բաղաին անվանել է շահարկումներ։ Նրա խոսքով՝ կատարցի և պակիստանցի միջնորդները շարունակում են ջանքերը, սակայն դիվանագիտական գործընթացը տուժել է ԱՄՆ ագրեսիայի պատճառով։

Հունիսի 11-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ Իրանի հետ պայմանավորվածությունների մի շարք վերջնական դրույթներ համաձայնեցվել են բանակցություններին բոլոր ներգրավվածների կողմից, սակայն ամերիկյան ուժերը կշարունակեն աջակցել հանրապետության ծովային շրջափակմանը մինչև գործարքի կնքումը։ ԱՄՆ նախագահը նաև Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ «վերջնական դրույթները հավանության են արժանացել թե՛ սկզբունքորեն, թե՛ բոլոր մանրամասներով՝ բոլոր մասնակցողների կողմից, ներառյալ ԱՄՆ-ը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Թուրքիան, Պակիստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը, Եգիպտոսը և այլ պետություններ»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *