Հայաստանի քայլերը թափոնների կառավարման հինգաստիճան հիերարխիայի ներդրման գործում

2020 թվականի դրությամբ Հայաստանում քարտեզագրվել է սանիտարական չափանիշներին չհամապատասխանող 297 աղբավայր։ Համայնքների խոշորացման, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը սպասարկող սանիտարական աղբավայրի գործարկման արդյունքում 2021-2024 թվականներին հանրապետության համայնքներում շահագործումից հանվել է  է շուրջ 100 աղբավայր։ 

Գործող աղբավայրերը շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի և մարդու առողջության համար։ Դրանք հողն ու ջուրն աղտոտում են ծանր մետաղներով և թունավոր նյութերով, իսկ մթնոլորտային օդը՝ թունավոր և ջերմոցային գազերի արտանետումներով։

Ըստ տարբեր աղբյուրների՝ Հայաստանի աղբավայրերում տարեկան տեղադրվում է 690-720 հազար տոննա կոշտ կենցաղային աղբ, և աղբի ծավալները աճման միտում ունեն՝ ըստ Համաշխարհային բանկի ուսումնասիրության, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ թափոնների կազմում ապակին, պլաստիկը և թուղթը կազմում են շուրջ 25 %, օրգանական թափոնները՝ մոտ 57 %, իսկ մնացորդային աղբը՝ շուրջ 15 %։ 

Ինչպես կարելի է բարելավել թափոնների կառավարումը

Թափոնների կառավարման ընդունված միջազգային գործիք է հինգաստիճան հիերարխիան, որի գլխավոր սկզբունքը թափոնների առաջացման կանխարգելումն է։ Դրան հաջորդում են վերօգտագործումը, վերամշակումը, ապա էներգիայի օգտահանումը և միայն վերջում՝ թափոնների հեռացումն աղբավայրերում կամ այլ եղանակներով։ Մեզ մոտ ամենից լավ ստացվում է վերջին տարբերակը՝ թափոնների հեռացումը աղբավայր։

Թափոնների կառավարման հինգաստիճան հիերարխիայի ներդրումը նախատեսված է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Համաձայնագրի կիրարկումն ապահովող 2019թ․ ճանապարհային քարտեզով նախատեսվել է 2022 թվականի առաջին եռամսյակից՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց չորս տարվա ընթացքում իրականացնել թափոնների առաջացման նվազեցման, տեսակավորված հավաքի և վերամշակման միջոցառումներ։ 2026թ․ ընդունված ճանապարհային քարտեզով էլ նախատեսվել է մինչև 2026թ․ երկրորդ եռամսյակ թափոնների կառավարման հինգաստիճան համակարգի ներդրմամբ մեթոդական ուղեցույցի մշակում և հաստատում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանության և կոշտ թափոնների կառավարման տեղական պլանների կազմում։

Թափոնների կառավարման հինգաստիճան հիերարխիայի ներդրումը նախատեսվել է նաև Աղբահանության համակարգի ռազմավարությամբ, որն ընդունվել 2021թ․։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաշվետվության համաձայն՝ հինգաստիճան հիերարխիայի ներդրմանն ուղղված քայլերից են եղել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումը, աղբի բաղադրության ուսումնասիրության իրականացման համար մեթոդաբանության մշակումը, կենսաքայքայվող թափոնների հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման ընթացակարգի ընդունումը, «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը։ 

2026թ․ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված լրացումների համաձայն՝ 2027թ․ հունվարի 1-ից Հայաստանում առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ վաճառքը:  Կանխարգելվելու է այս ապրանքներից գոյացող  սպառման թափոնների առաջացումը։

Ընդունվել են նաև փաթեթավորման, վերամշակման և էներգիայի օգտահանման հետ կապված մի շարք ստանդարտներ։ 

Չնայած իրականացված բարեփոխումներին՝ ոլորտում հիմնականում ընդունվել են իրավական ակտեր, որոնք դեռևս լիարժեք և արդյունավետ չեն կիրառվում։ Թափոնների կառավարման հինգաստիճան համակարգի ներդրումը շարունակում է մնալ սաղմնային փուլում, ինչի մասին վկայում է վերամշակվող թափոնների ընդամենը մոտ 10 %-ի վերամշակումը և թափոնների տեսակավորման ցածր մակարդակը։ Դրա հիմնական պատճառը թափոնների ոլորտի թերի ֆինանսավորումն է, որն արտահայտվում է ոչ լիարժեք ծախսածածկման և «Աղտոտողը վճարում է» սկզբունքի թերի իրականացման տեսքով։ Այս իրավիճակի բարելավման նախադրյալներն են սակագների և բնապահպանական հարկերի ճիշտ քաղաքականությունը, Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը և այլ տնտեսական գործիքները։   

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *