ԱՄՆ-ում հետաքննում են Վաշինգտոնում սիզամարգի վրա հայտնված «86 47» թվերը՝ որպես Թրամփին ուղղված սպառնալիք

Վաշինգտոնի ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ կապված Ազգային զբոսուղու սիզամարգի վրա հսկայական «86 47» թվերի հայտնվելու հետ, հայտնել է CNN-ը։

«8647» թիվը, որը սովորաբար օգտագործվում է Թրամփի քաղաքականության հետ անհամաձայնությունն արտահայտելու համար, հինգշաբթի հայտնվել է Ազգային զբոսուղու խոտածածկի վրա, այն բանից մի քանի օր առաջ, երբ, ինչպես սպասվում է, այդ տարածքում մեծ բազմություն կհավաքվի UFC-ի մարտի համար, որը տեղի կունենա կիրակի, ԱՄՆ նախագահի ծննդյան օրը։

Վեբ-տեսախցիկի՝ Վաշինգտոնի հուշարձանի գագաթից արված ուղիղ հեռարձակման պատկերները ցույց են տալիս, որ թվերը նմանվում են չորացած խոտի՝ Ազգային զբոսուղուի զգալի հատվածի երկայնքով։

Ականատեսների խոսքով՝ մոտավորապես ժամը 13:00-ին արտակարգ ծառայությունների մի քանի մեքենաներ փակել են մուտքն այդ տարածք, իսկ ԱՄՆ բանակի «Ոսկե ասպետներ» պարաշյուտային թիմը վայրէջք է կատարել Ազգային զբոսուղում։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Դևիս Ինգլը CNN-ին ասել է. «Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է քաղաքական բռնությանը կամ սպանության մշակույթին, կամ աջակցում է դրանց, պետք է ամենախիստ կերպով դատապարտվի»։

Գաղտնի ծառայությունն ու ՀԴԲ-ն մեկնաբանության հարցումը վերահասցեագրել են ԱՄՆ ազգային պարկերի ոստիկանությանը, որը, այդ գերատեսչությունների խոսքով, հետաքննում է այդ հետքերի հայտնվելու հանգամանքը։

CNN-ի՝ իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը հայտնել է, որ Գաղտնի ծառայությունը կհամագործակցի ազգային պարկերի ոստիկանության հետ, երբ իրավապահները գտնեն կասկածյալին։

Ազգային պարկերի ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ խոտի գույնի փոփոխության պատճառը դեռևս չի պարզվել։ Նրա խոսքով՝ վերլուծության համար նմուշներ են վերցվել։

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը, որը պատասխանատու է Ազգային զբոսուղու համար, իր հայտարարության մեջ այդ գրություններն անվանել է «խելահեղ վանդալիզմ», որը «չի հանդուրժվելու»։

«Նախագահի հասցեին հնչող ցանկացած սպառնալիք նախարարության կողմից ընդունվում է շատ լուրջ, և ԱՄՆ պարկային ոստիկանությունը հետաքննում է այս միջադեպը և պատասխանատվության կենթարկի մեղավորներին», – ասել է մամուլի քարտուղարը։

«86 47» թվերն օգտագործվում էին Թրամփին ընդդիմանալն արտահայտելու համար, թեև նրա վարչակազմը դրանք գնահատել էր որպես նախագահի հասցեին ուղղված սպառնալիք։

Ապրիլին ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին արդարադատության նախարարության կողմից մեղադրվել էր նախագահին սպառնալու մեջ՝ Instagram-ում հրապարակելով պատկեր, որտեղ թվերը շարված էին ծովային խեցիներից։

«86» թիվը հաճախ օգտագործվում է ռեստորանային ոլորտում որպես կոդ, որը նշանակում է պատվերի չեղարկում կամ «հաճախորդի դուրս հրավիրում», այն դեպքում, երբ Թրամփը ԱՄՆ 47-րդ նախագահն է։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *