Քանի որ ես ստորագրել եմ նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին փաստաթուղթ, չեմ կարող բացահայտել, թե որ գործի շրջանակում և ինչ է կոնկրետ տեղի ունեցել Քննչական կոմիտեում և խուզարկության ընթացքում, սակայն դա ձեզ բոլորիդ հայտնի գործն է։ Այս մասին հունիսի 12-ին ՔԿ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը։
Մանուկյանն ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է մեկնարկել ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները, երբ ուղիղ հանրահավաքից հնչեցրել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցելու հրահանգներ։ Իր դատավարական կարգավիճակի վերաբերյալ Մանուկյանը պարզաբանել է, որ մեղադրյալ չէ, իսկ վարույթն ինքնին անվանել է աբսուրդ՝ վստահություն հայտնելով, որ դատարանում, եթե գործը հասնի այնտեղ, քննչական հիմնավորումների անհիմն լինելը բոլորի համար ակնհայտ կդառնա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է հանրապետության ՔԿ՝ հարցաքննության, այն բանից հետո, երբ հունիսի 12-ի առավոտյան Հայաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչները եկել էին խուզարկելու նրա բնակարանը։ Գերատեսչությունից հայտնել էին, որ քննչական գործողությունները կապված են լրտեսության և պետական դավաճանության մասին աղմկահարույց գործի հետ, որի շրջանակում ավելի վաղ կալանավորվել էր «Բարգավաճ Հայաստանի» ցուցակի երկրորդ համարը՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
«Ազգային ժողովի այդ նիստի վերաբերյալ ես բազմիցս հայտարարել եմ, որ ընդհանրապես չգիտեմ, թե որ նիստի մասին է խոսքը, մասնակցե՞լ եմ ես դրան, թե՞ ոչ, և ինչ տեղեկություն է այնտեղ քննարկվել», – նշել է Արեգնազ Մանուկյանը՝ մեկնաբանելով ռուսական ընկերությանը գաղտնի տվյալներ փոխանցելու մասին լուրերը։ Նա հիշեցրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ինքը հրապարակավ հաստատել է լրագրողներին, որ այդ հանդիպմանը պետական գաղտնիք չի եղել, իսկ Թևանյանի փաստաբան Ռուբեն Օրբելյանն արձանագրել է, որ նյութերում պետական դավաճանության փաստն ամբողջությամբ բացակայում է։ Անդրադառնալով իր բնակարանում կատարված խուզարկությանը՝ Մանուկյանը հեգնանքով հավելել է, որ քննիչները չէին կարող գտնել որևէ անօրինական բան, ուստի շատ երկար և մանրամասն ուսումնասիրում էին նրա թխվածքների բաղադրատոմսերը, ինչպես նաև դստեր՝ մարտի 8-ի առթիվ նվիրած բացիկները։