Իրանը ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագծում ներառել է տնտեսության վերականգնման համար 300 մլրդ դոլար հատկացնելու պահանջը։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով փաստաթղթի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ հուշագրի նախագիծը բաղկացած է 14 կետից և նախատեսում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների աստիճանական կարգավորում։ Իրանի հիմնական պահանջների թվում են՝ պատժամիջոցների և ծովային շրջափակման լիակատար վերացումը, սառեցված 24 մլրդ դոլարի ակտիվների ապաշրջափակումը, Իրանում և Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը, ինչպես նաև Իրանի հարակից շրջաններից ամերիկյան զորքերի դուրսբերումը։
Համաձայնագրի առանձին բաժինը վերաբերում է միջուկային ծրագրին։ Իրանը պատրաստ է հաստատել հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ) և սկսել 60-օրյա բանակցություններ՝ միջուկային հարցերի վերաբերյալ վերջնական որոշում մշակելու համար։ Axios-ի տվյալներով՝ քննարկվող համաձայնագրի շրջանակում Իրանը նաև պատրաստ է ստանձնել պարտավորություն՝ չստեղծել միջուկային զենք և սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը միջազգային տեսուչների վերահսկողության ներքո։ Պարբերականը նշել է, որ նման դրույթներն ընդհանուր առմամբ համապատասխանում են ԱՄՆ պահանջներին՝ կապված միջուկային ծրագրի հետ։
Հուշագրի համաձայն՝ վերջնական համաձայնագիրը պետք է հաստատվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևով։ Պայմանավորվածությունների կատարման վերահսկման համար առաջարկվում է ստեղծել հատուկ մոնիթորինգի մեխանիզմ։ Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ հրապարակված փաստաթուղթը դեռևս վերջնական տարբերակը չէ և դեռ պետք է համաձայնեցվի։
Հունիսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնագիրը գտնվում է պատրաստման եզրափակիչ փուլում։ Նրա խոսքով՝ մնում է միայն, որ կողմերը ստորագրեն փաստաթղթերը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Իբրահիմը հայտնել է, որ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքը հիմնական ուղղություններով գործնականում ավարտված է։