
Եգիպտոսի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Հոսամ Հասանը ուշագնաց է եղել, երբ միջամտել է իր ներկա եւ նախկին կանանց կռվին ու փորձել նրան բաժանել։ Դեպքը տեղի է ունեցել եգիպտական առողջարաններից մեկում։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երկու կանայք նախ լեզվակռվի են բռնվել, հետո արդեն լեզվակռիվը վերաճել է երկու կանանց ծեծկռտուքի։
Կանայք իրար մազ են քաշել, ճանկռել են իրար, պատճառել վնասվածքներ։ Վաթսունամյա Հասանը փորձել է բաժանել կանանց, սակայն լարվածության մի որոշակի պահի՝ ուշագնաց է եղել եւ ընկել ներքեւ։ Հասանին տեղափոխել են հիվանդանոց։ Մասնագետները նշել են, որ ուշագնացության պատճառը եղել է սթրեսը։ Հասանի փաստաբանը սակայն ասել է, որ գլխավոր մարզիչն ունի լուրջ առողջական խնդիր։