Իրանի բանակի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլա Սայարին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի երկու կողմերն էլ լիովին գտնվում են երկրի զինված ուժերի վերահսկողության տակ, և ոչ մի նավ չի կարող մուտք գործել այս ռազմավարական կարևորություն ունեցող շրջան առանց Թեհրանի թույլտվության, հաղորդում է Mehr-ը։
Ուրբաթ օրը պետական հեռուստատեսության եթերում ելույթ ունենալով՝ Սայարին հիշատակել է իրանական «Դենա» էսմինեցի անձնակազմին, որը, նրա պնդմամբ, զոհվել է Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան հարձակման հետևանքով։
Հրամանատարի խոսքով՝ նավը մասնակցում էր խաղաղապահ և ուսումնական առաքելության, ինչպես նաև բարեկամական զորավարժությունների և իր վրա մարտական սպառազինություն չի ունեցել։
Սայարին հայտարարել է, որ իրանցի նավաստիները դարձել են անարդար հարձակման զոհ, և որ Իրանը մտադիր է վրեժխնդիր լինել նրանց մահվան համար։ Նա նաև քննադատել է միջազգային և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղի ունեցածի նկատմամբ արձագանքի բացակայության համար։
Իրանցի ադմիրալի պնդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհվել է 104 մարդ, իսկ ևս 20 զինծառայողի մարմիններ մինչ օրս մնում են ծովում։
Նա հայտարարել է, որ «Դենա» էսմինեցը հարձակման է ենթարկվել ԱՄՆ ռազմածովային ուժերի տորպեդով մարտի 4-ին՝ Շրի Լանկայի ափերի մոտ։
Խոսելով երկրի ռազմական ներուժի մասին՝ Սայարին ընդգծել է անօդաչու թռչող սարքերի լայն կիրառումը Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։ Նրա խոսքով՝ իրանական դրոնները կարող են պատրաստ վիճակի բերվել հնարավորինս կարճ ժամկետում նույնիսկ բարդ պայմաններում, իսկ դրանց արտադրությունն ու հնարավորությունները շարունակում են արագ զարգանալ։
Հրամանատարը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի արևմտյան հատվածը, բուն նեղուցը և Պարսից ծոցը գտնվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ։ Նրա խոսքով՝ նեղուցի արևելյան հատվածը և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասը վերահսկվում են Իրանի բանակի ռազմածովային ուժերի կողմից։
«Ոչ մի նավ ի վիճակի չէ մուտք գործել այս շրջան առանց Իրանի թույլտվության», — ընդգծել է Սայարին։