Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները վերականգնվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց 102-րդ ռազմակայանի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ, ռազմակայանի քաղաքացիական ծառայող Աշոտ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը կամ անձինք քաղաքի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրում պոկել են հերոս–քաղաքների անվանումների ոսկեգույն տառեր, որոնք ավելի ուշ հայտնաբերվել են աղբամանում։
Հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին մասնակցում են 102-րդ ռազմաբազայի և՛ զինծառայողները, և՛ քաղաքացիական անձնակազմը։
«Շատ վատ բան է եղել։ Այս հուշահամալիրում գտնվում են հուշաքարեր, որոնց վրա գրված են հերոս քաղաքների անունները։ Բոլոր տառերը պոկել և կոտրել են, այդ վիճակում թողել, գնացել։ Ռուս զինվորների ջանքերով մենք հիմա ուզում ենք դա վերականգնել»,– ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով տարբեր սերնդի գյումրեցիները շատ վրդովված են կատարվածի կապակցությամբ։ Կարապետյանն ընդգծեց Գյումրին միշտ համարվել է հայ–ռուսական բարեկամությունը խորհրդանշող քաղաք, և գյումրեցին չէր կարող նման բան իրեն թույլ տալ։