Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին իր նավի դեմ 4 օրում երրորդ գրոհից հետո

Հնդկաստանը ուրբաթ օրը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեյսոն Միքսին՝ Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով առևտրանավի դեմ հերթական գրոհից հետո, հայտնել է India Today-ը։

Սա արդեն երրորդ նման միջադեպն է հնդիկ նավաստիների մասնակցությամբ վերջին չորս օրում։

Ամերիկացի դիվանագետը կանչվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ Նյու Դելիի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Պարսից ծոցի տարածաշրջանում նավագնացության անվտանգության իրավիճակի վատթարացման կապակցությամբ։

Նոր դիվանագիտական դեմարշը հաջորդել է այն բանին, երբ Հնդկաստանի նավագնացության գլխավոր վարչությունն արտակարգ նախազգուշացում է հրապարակել մոտ 18 հազար հնդիկ նավաստիների համար, որոնք աշխատում են Հորմուզի նեղուցի, Օմանի ծոցի և կից ջրատարածքների շրջանում։

Նախազգուշացման պատճառ են դարձել առևտրանավերի դեմ երեք վերջին գրոհները, որոնցում եղել են Հնդկաստանի քաղաքացիներ։

Առաջին միջադեպը կապված է եղել( հունիսի 8-ին) MT Marivex լցանավի հետ։ Ենթադրյալ հարվածից հետո նավում հրդեհ է բռնկվել։ Անձնակազմի բոլոր 24 հնդիկ անդամները ողջ են մնացել և չեն տուժել։

Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 10-ին, երբ MT Settebello լցանավը ենթարկվել է հարձակման Օմանի ծոցում։ Նավում եղել են 24 հնդիկ նավաստիներ։ Քսանմեկ մարդ փրկվել է, սակայն անձնակազմի երեք անդամները, որոնք ի սկզբանե անհետ կորած էին համարվում, ավելի ուշ ճանաչվել են մահացած։

Երրորդ միջադեպը գրանցվել է հինգշաբթի օրը Օմանի ափերի մոտ։ Հարձակման է ենթարկվել հնդկական անձնակազմով ևս մեկ առևտրանավ։ Մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը MT Jalveer լցանավի մասին է, որտեղ եղել են Հնդկաստանի 20 քաղաքացիներ։ Իշխանություններն առայժմ չեն բացահայտում տեղի ունեցածի մանրամասները։

Պաշտոնական տվյալներով՝ ներկայում 622 հնդիկ նավաստիներ գտնվում են Հնդկաստանի դրոշի ներքո գործող 13 նավերում, որոնք աշխատում են Հորմուզի նեղուցից արևմուտք և արևելք։ Բացի այդ, Հնդկաստանի մոտ 18 հազար քաղաքացի ծառայում է Պարսից ծոցի տարածաշրջանում օտարերկրյա դրոշների ներքո գործող հարյուրավոր առևտրանավերի վրա։

Հնդկաստանն աշխարհում երկրորդ ամենամեծ ծովային աշխատուժն ունի․ աշխարհի տարբեր նավերի վրա աշխատում են մոտ 320 հազար հնդիկ նավաստիներ։ Առևտրային նավագնացության վրա հարձակումների թվի աճի պայմաններում՝ տարածաշրջանում վատթարացող իրավիճակի հանգամանքներում, հենց հնդկական անձնակազմերն են հայտնվում առավել խոցելի խմբերի շարքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *