Ըստ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը ներառում է խիստ պայմաններ, որոնք նախատեսում են իրանական միջուկային ծրագրի ապամոնտաժում և «Թեհրանի կողմից ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման դադարեցում», հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Պաշտոնյան ասել է, որ Իրանն իբր համաձայնել է հետևյալ դրույթներին. միջուկային նյութերի ոչնչացում և դուրսբերում, միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժում, սառեցված միջոցներին հասանելիության բացակայություն մինչև պայմանների կատարումը, Հորմուզի նեղուցի բացում, ինչպես նաև զինված խմբավորումների ֆինանսավորման դադարեցում։
Նա առաջարկվող ձևաչափն անվանել է «պարտավորությունների կատարման վրա հիմնված գործարք»։
Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ չի գնա համաձայնագրի առանց միջոցների ապասառեցման, և մերժել էր զինված խմբավորումների ֆինանսավորման հարցի քննարկումը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես հայտարարել է, որ Իրանի համար անհապաղ ֆինանսական օգուտների մասին լուրերը արժաահավատ չեն։ Ըստ նրա՝ տնտեսական առավելությունները Թեհրանին կտրամադրվեն միայն պարտավորությունների կատարումից հետո։
«Առաջին հերթին, Իրանը որևէ կանխիկ միջոց չի ստանում, և ոչ մի գումար չի ապասառեցվի պարզապես համաձայնագրի ստորագրման կամ հանդիպմանը մասնակցելու համար»,- X սոցիալական ցանցում գրել է նա։
Վենսը հավելել է, որ գործարքի կառուցվածքն ուղղված է ԱՄՆ-ի և դաշնակիցների շահերի պաշտպանությանը, իսկ տնտեսական օգուտներ Իրանը կստանա միայն պայմանների կատարումից հետո։
Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Թեհրանն անվանել էր «անազնիվ»՝ մեկնաբանելով հնարավոր համաձայնագրի մանրամասների մասին լրատվամիջոցներում հայտնված արտահոսքերը։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջանկյալ գործարքը կարող է ներառել հրադադարի ռեժիմի երկարաձգում, Հորմուզի նեղուցի բացում և միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցություններ։
Իրանական պետական լրատվամիջոցներն իրենց հերթին պնդում էին, որ Թեհրանը չի համաձայնել նեղուցի նկատմամբ վերահսկողության փոխանցմանը և պահանջել է ապասառեցնել մոտ 24 միլիարդ դոլարի սառեցված ակտիվները։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցներում հրապարակված պայմանների տարբերակները «ոչ մի ընդհանուր բան չունեն այն ամենի հետ, ինչ համաձայնեցվել է գրավոր տեսքով»։