Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարման կարգն այլևս չի վերադառնա նախկին մոդելին, հաղորդում է Tehran Times-ը։
Նա ընդգծել է, որ նեղուցը գտնվում է Իրանի և Օմանի ինքնիշխանության ներքո՝ նշելով, որ «Հորմուզի նեղուցում միջազգային ջրային ուղի չկա»։
Նրա խոսքով՝ նախկինում այս ռազմավարական երթուղին բաց է եղել բոլոր նավերի համար, իսկ Իրանն ու Օմանը ապահովում էին անվտանգությունը և ծառայություններ էին մատուցում առանց վճարի գանձման։ Սակայն, ինչպես նշել է նախարարը, կառավարման ապագա համակարգը չի կրկնելու նախկին ձևաչափը։
«Ոչ ոք չի կարող խաթարել նեղուցի նկատմամբ Իրանի և Օմանի ինքնիշխանությունը»,- հայտարարել է Արաղչին։
Իրանի ԱԳՆ ղեկավարը միաժամանակ հայտնել է Օմանի հետ ընթացող սերտ խորհրդակցությունների մասին՝ հավելելով, որ կողմերը հասել են «շատ լավ արդյունքների» և մոտ ժամանակներս կարող են հանդես գալ համատեղ հայտարարությամբ ու ներկայացնել Հորմուզի նեղուցի ապագա կառավարման հստակ ծրագիրը։