
«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք կանխատեսում էինք, որ ընտրություններից անմիջապես հետո այլախոհների, ընդդիմության նկատմամբ նոր հալածանքներ են սկսվելու` այդ մասին Նիկոլ Փաշինյանն անոնսել էր նախընտրական փուլում, խոսել է ընտրության և հաջորդ օրերին: Կոնկրետ անուններ է հնչեցրել, պատժաչափեր սահմանել, մեղադրել դատական համակարգին` կոռումպացվածության մեջ, և հայտարարել է, որ բոլորը նստելու են` և ընդդիմադիրները, և ընտրակաշառքի համար մեղադրվողները, և իր հրահանգները չկատարող դատավորները, որովհետև… ինքը հոգնել է այդ վիճակից:
Ամեն մի նման հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն, դատախազությունն ու հակակոռուպցիոնն ուղղակի ցայտնոտի մեջ են ընկնում` սկսում են նոր, մեկը մյուսից անհեթեթ ու անհիմն գործեր հարուցել, անօրինական քայլեր կատարել:
Երեկ միանգամից երկու նման փաստի մասին իմացանք: Մեկը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանին, որը փորձել էր հատել հայ-վրացական սահմանը եւ պարզել էր, որ իր ՍԷԿՏ-ը փակ է: Թե ինչպես կարող է մարդու նկատմամբ վարույթ հարուցվել եւ նրա ելքը փակվել` առանց նրան տեղյակ պահելու, դժվար եմ պատկերացնում: Երկրորդ փաստը վերաբերում է երկու հանրային գործիչների` քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանին եւ ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանին: Ըստ մեղադրանքի, «Տ. Վ.-ն և Ա. Ղ.-ն ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել»:
Փաստ է, որ հանրահավաքային պայքարի յուրաքանչյուր կոչ արդեն այս իշխանությունը հանցանք է համարում: Փողոցներ փակելով իշխանության եկած Փաշինյանը որոշել է, որ ով փողոց դուրս գա, ով հանրահավաքներ անելու կոչեր անի, սահմանադրական կարգն է տապալում, ուրեմն պետք է «նստի»»։