Շվեյցարիայում հանրաքվե կանցկացվի՝ բնակչության թվի սահմանափակման հարցով

Այս կիրակի շվեյցարացիները պետք է պատասխանեն մի անսովոր հարցի, որն աշխարհում գրեթե նախադեպը չունի. կարո՞ղ է արդյոք պետությունը օրենսդրորեն սահմանափակել սեփական բնակչության թիվը։ Ինչպես հայտնում է BBC News-ը, հանրաքվեի է հանվել մի նախագիծ, որով առաջարկվում է բնակչության առավելագույն շեմ սահմանել 10 միլիոն մարդը։

Այս առաջարկն առաջ է մղում աջակողմյան «Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը»՝ այն անվանելով «կայուն զարգացման նախաձեռնություն»։ Կողմնակիցների կարծիքով՝ բնակչության արագ աճը ծանրաբեռնում է բնակարանային շուկան, տրանսպորտը, դպրոցները, առողջապահական համակարգն ու շրջակա միջավայրը։

Վերջին երկու տասնամյակում Շվեյցարիայի բնակչությունը 7,3 միլիոնից հասել է 9,1 միլիոնի։ Ընդ որում, երկրի բնակիչների մոտ 27%-ը օտարերկրացիներ են։ Շատ շվեյցարացիներ դժգոհում են գնացքների գերբեռնվածությունից, մատչելի բնակարանների դեֆիցիտից և բժշկական ապահովագրության գների թանկացումից։

Վերջին հարցումների համաձայն՝ քվեարկության ելքը դեռևս խիստ անորոշ է։ Ընտրողների մոտ 52%-ը հակված է մերժելու այս նախաձեռնությունը, մինչդեռ 45%-ը պատրաստ է կողմ քվեարկել։ Քաղաքացիների զգալի մասն էլ դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Եթե նախաձեռնությունն արժանանա հավանության, կառավարությունը ստիպված կլինի սահմանափակող միջոցներ ձեռնարկել արդեն այն պահից, երբ բնակչության թիվը հասնի 9,5 միլիոնի։ Որպես հնարավոր քայլեր նշվում են ապաստան հայցողների ընդունման կրճատումը և օտարերկրյա աշխատողների համար ընտանիքների վերամիավորման իրավունքի սահմանափակումը։

Ամենավիճահարույց կետը միջազգային պայմանագրերից հրաժարվելու պահանջն է, եթե երկրի բնակչությունը, այդուհանդերձ, հասնի 10 միլիոնի շեմին։ Սա կանդրադառնա նաև Եվրամիության հետ անձանց ազատ տեղաշարժի մասին համաձայնագրի վրա։

Նախագծի հակառակորդներն իրենց հերթին մտահոգված են աշխատուժի հնարավոր դեֆիցիտով։ Ներգաղթյալները կազմում են հյուրանոցային բիզնեսի, հիվանդանոցների և ծերանոցների աշխատակիցների զգալի մասը։ Բացի այդ, Շվեյցարիայի բնակչության մոտ մեկ հինգերորդն արդեն 65 տարեկանից բարձր է, իսկ երկրի տնտեսությունը երիտասարդ աշխատուժի և նոր հարկատուների ներհոսքի կարիք ունի։

Բնակչության թվի սահմանափակման կողմնակիցները, սակայն, լիովին հակառակ կարծիքին են։ Բեռնի կանտոնային խորհրդարանի երիտասարդ պատգամավոր Նիլս Ֆիխտերը գտնում է, որ երկիրը «կորցրել է վերահսկողությունը» միգրացիայի նկատմամբ, իսկ բնակչության անդադար աճը հանգեցրել է բնակարանային ճգնաժամի, տրանսպորտային խցանումների և սոցիալական ծառայությունների գերբեռնվածության։

Քարոզարշավի վրա ազդող լրացուցիչ գործոն է դարձել նաև միջազգային իրավիճակը։ Նախաձեռնության հակառակորդները նախազգուշացնում են, որ ներկայիս անկայունության, Ուկրաինայի պատերազմի, Մերձավոր Արևելքում տիրող լարվածության և ԱՄՆ-ի հետ առևտրային վեճերի ֆոնին Շվեյցարիայի համար չափազանց կարևոր է սերտ կապեր պահպանել Եվրոպայի հետ և խուսափել միջազգային մեկուսացումից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *