Շուտով աշխարհը կլսի ագրեսոր թշնամու նկատմամբ Իրանի հաղթանակի արձագանքը․ Գեներալ-մայոր Աբդոլլահի

Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ «շուտով աշխարհը կլսի Իրանի հաղթանակի և ագրեսոր ու ահաբեկչական թշնամու նկատմամբ դիմադրության հաղթարշավի արձագանքը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Հրամանատարի այս հայտարարությունը տեղ է գտել գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդի և նրա որդու՝ Ամին Աբաս Ռաշիդի սպանության տարելիցի կապակցությամբ հղված ուղերձում։ Նրանց հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Դեզֆուլ քաղաքում։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որոշմամբ 2016-ին «Խաթամ ալ-Անբիա» շտաբի ղեկավար նշանակված գեներալ Ղոլամալի Ռաշիդը պաշտոնավարել է մինչև իր կյանքի վերջը։ Նա և որդին զոհվել են 2025 թվականի հունիսի 13-ին՝ Իրանին հասցված իսրայելական հարվածների ժամանակ։

Իր ուղերձում Աբդոլլահին նշել է, որ, չնայած կորստի ծանրությանը, գեներալ Ռաշիդի մահը, նրա ձևակերպմամբ, ի ցույց է դրել Իրանի «զսպող ուժն ու ազգային հզորությունը»։

Իրանցի գեներալի խոսքով՝ թշնամին հույս ուներ ռազմական ղեկավարներին վերացնելով թուլացնել երկրի պաշտպանունակությունը, սակայն «հաշվի չէր առել նրանց թողած գիտելիքի ու ռազմավարական մտածողության ժառանգությունը»։

Նա նշել է, որ Իրանի զինված ուժերն այսօր էլ շարունակում են գործել նախապես հաստատված ռազմավարությամբ՝ դիմակայելով «հիբրիդային ու կոգնիտիվ պատերազմներին» և ապահովելով երկրի պաշտպանությունը ցամաքում, օդում ու ծովում։

Գեներալ Աբդոլլահին նաև ընդգծել է, որ ժողովրդի աջակցությունը մնում է բանակի կարևորագույն հենարանը, իսկ «շուտով աշխարհն ականատես կլինի Իրանի հաղթանակին և ագրեսիայի դեմ դիմադրության հաղթարշավին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *