Գրություն՝ Վաշինգտոնի հուշարձանի խոտածածկույթին. ի՞նչ է նշանակում «8647»-ը և ինչո՞ւ են այն հետաքննում որպես սպառնալիք

Վաշինգտոնի Ազգային ծառուղու գազոնին հայտնված «8647» թվերը հիշեցնող նշանների հայտնվելու փաստով հետաքննություն է սկսվել։ Գրությունները հայտնաբերվել են Վաշինգտոնի հուշարձանի մոտակայքում, հայտնում է CBS News-ը։

ԱՄՆ Ազգային պարկերի ոստիկանության փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել հնարավոր վանդալիզմի մասին: Դեպքի վայրում արձանագրվել է խոտածածկույթի գույնի փոփոխություն, որն էլ հենց ձևավորում է «8647» թվերի հաջորդականությունը: «Նշանների հայտնվելու պատճառը դեռևս անհայտ է: Լաբորատոր քննության համար վերցվել են փորձանմուշներ: Հետաքննությունը շարունակվում է»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Reuters-ի թղթակցի կողմից Վաշինգտոնի հուշարձանի գագաթից արված լուսանկարներում երևում են Ազգային ծառուղու արևմտյան մասում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրի ֆոնին հազիվ նկատելի թվանշանները: Ամենահստակը երևում է «8» թվանշանը, մինչդեռ մնացած նշանները թույլ են ընդգծված:

ԱՄՆ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը տեղի ունեցածն անվանել է «վանդալիզմի անընդունելի արարք» և նշել, որ նախագահի հասցեին հնարավոր ցանկացած սպառնալիք դիտարկվում է ամենայն լրջությամբ։

«86 47» համակցության նշանակությունը պաշտոնապես պարզված չէ։ Ամերիկյան լրատվամիջոցները նկատում են, որ խոսակցական անգլերենում «86» արտահայտությունը կարող է նշանակել «ազատվել» կամ «հեռացնել», սակայն դրա մեկնաբանությունները քաղաքական համատեքստում դեռևս տարակարծությունների տեղիք են տալիս։

Սպիտակ տունն ի պատասխան հայտարարել է, որ քաղաքական բռնության ցանկացած ձև և դրա խորհրդանշական արդարացումն անընդունելի են և պետք է դատապարտվեն՝ ընդգծելով միջադեպի լիարժեք քննության կարևորությունը։

Ազգային ծառուղին, որտեղ հայտնաբերվել են նշանները, ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնական հանրային տարածքն է, ինչպես նաև պաշտոնական միջոցառումների ու հիշատակի արարողությունների անցկացման հիմնական վայրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *