Գերմանիայում աճում է մտահոգությունը պետական հաստատությունների դեմ անօդաչու թռչող սարքերի հնարավոր գրոհների կապակցությամբ։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը կոչ է արել ստեղծել Բունդեսթագի և այլ սահմանադրական մարմինների՝ դրոններից պաշտպանության մշտապես գործող համակարգ, գրել է Euronews-ը։
Բունդեսթագի նախագահ Յուլիա Քլյոկներին ուղղված նամակում նա նշել է, որ «սահմանադրական մարմինների պաշտպանությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում վերացական, բայց իրական սպառնալիքի ֆոնին»։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին անօդաչու սարքերի հայտնաբերման հաճախացած դեպքերը մեծացրել են հատուկ ծառայությունների զգոնությունը։
Դոբրինդտը ընդգծել է, որ դրոնների դեմ պայքարի դաշնային ոստիկանության նոր ստորաբաժանումը կարող է միայն ժամանակավոր աջակցություն ցուցաբերել, մինչդեռ Բեռլինում հակազդման հիմնական պատասխանատվությունը մնում է երկրամասային ոստիկանության վրա։
Եվրոպայում միջադեպերի աճող թվի ֆոնին, ներառյալ ՆԱՏՕ երկրների օդային տարածքի խախտումները, անվտանգության ծառայությունները դեպքերի մի մասը կապում են հնարավոր հետախուզական գործողությունների և GPS խափանումների հետ, որոնք կարող են շեղել դրոններին իրենց ուղուց։
Ի պատասխան՝ Գերմանիան ընդլայնում է հակազդման գործիքակազմը․ օրենսդրական բարեփոխումներն ուժեղացրել են դաշնային ոստիկանության և բունդեսվերի լիազորությունները, ներառյալ սպառնալիքի դեպքում դրոնների վնասազերծմանը նրանց մասնակցության հնարավորությունը։ Քննարկվում է նաև տասնյակ ռադիոլոկացիոն և սենսորային համակարգերից բաղկացած ցանցի ստեղծումը՝ անօդաչու սարքերի վաղ հայտնաբերման համար։
Բաց է մնում որսման մեթոդների հարցը․ զինված ոչնչացման միջոցների հնարավոր կիրառման հետ մեկտեղ դիտարկվում են նաև պակաս վտանգավոր եղանակներ, ներառյալ ցանցերով որսացող դրոնները։