Կալիֆոռնիայում հսկայական պահեստի հրդեհից հետո թունավոր ծուխը պատել է քաղաքը

Հյուսիսային Կալիֆոռնիայի Թրեյսի քաղաքում հրշեջներն արդեն երրորդ օրն է՝ շարունակում են մարել Medline ընկերության բժշկական սարքավորումների հսկայական պահեստում բռնկված խոշոր հրդեհը, հաղորդել է Associated Press-ը։

Իշխանությունները կոչ են արել ծխի նկատմամբ զգայուն բնակիչներին մնալ տանը՝ օդի որակի վատթարացման ֆոնին։

Մոնիթորինգի տվյալներով՝ քաղաքի հարավային հատվածում, որտեղ բնակվում է մոտ 100 հազար մարդ, օդի աղտոտվածության մակարդակը հասել է «առողջության համար վնասակար» նշագծին։ Ակնկալվում է, որ ծխի շերտը կպահպանվի առաջիկա օրերին՝ շենքի ներսում հրդեհի մարման բարդության պատճառով։

Հրդեհն ընդգրկել է մոտ 93 հազար քառակուսի մետր մակերեսով պահեստը, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյից մոտ 88 կիլոմետր արևելք։ Կրակը շարունակվում է հինգշաբթի օրվանից, իսկ կայծերն ու հրդեհի մասնիկները, փրկարարների խոսքով, տարածվել են զգալի հեռավորությունների վրա։

Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ տեղի՝ հրդեհների գծով տեսուչը սկսել է հրդեհի պատճառների հետաքննությունը, իսկ իշխանությունները հանդիպումներ են անցկացնում ընկերության ներկայացուցիչների և ինժեներների հետ՝ շենքին հասցված վնասը գնահատելու համար։ Նախատեսվում է նաև աշխատակիցների համար կազմակերպել մուտք դեպի նրանց մեքենաները, որոնք մնացել են պահեստի տարածքում։

Հրդեհաշիջման բարդության պատճառներից մեկը հրշեջ համակարգի անսարքությունն է եղել․ սպրինկլերներն աշխատել են անարդյունավետ, իսկ հիդրանտներում ջրի ճնշումը թույլ է եղել։

Միաժամանակ, նախնական տվյալներով, քաղաքի ջրամատակարարման ցանցերը գործել են նորմալ։ Ավելի վաղ համակարգի արտաքին ստուգումը խախտումներ չէր հայտնաբերել։

Medline-ը բժշկական ապրանքների խոշոր մատակարար է, այդ թվում՝ ձեռնոցների, դիմակների և վիրաբուժական գործիքների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *