Ալբանիայում ցուցարարները քանդել են Ջարեդ Քուշների հանգստավայրային նախագծի տարածքի ցանկապատերը

Ալբանիայում ափամերձ տարածքների կառուցապատման դեմ բողոքի ակցիաները վերաճել են շինհրապարակի ցանկապատերի ապամոնտաժման. շաբաթ օրը շուրջ 200 մարդ պոկել է Ադրիատիկ ծովի ափին գտնվող էլիտար կառուցապատման օբյեկտի շուրջ տեղադրված մետաղական ցանկապատերն ու փշալարե արգելապատնեշները, հայտնում է The Guardian-ը։

Միջադեպը դարձել է երկրի էկոլոգիապես զգայուն շրջաններում իրականացվող շինարարական նախագծերի դեմ աճող դժգոհության հերթական դրվագը։

Բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ և, մասնավորապես, կապված են Վլյորա քաղաքի շրջանում շքեղ հանգստավայրային համալիրի կառուցման ծրագրերի հետ, որոնք իրականացվում են Ջարեդ Քուշների՝ Դոնալդ Թրամփի փեսայի, հետ կապ ունեցող ընկերության մասնակցությամբ։ Այս տարածքը հայտնի է որպես ֆլամինգոների բնակավայր և ծովային կրիաների բնադրման վայր։

Առանձին ակցիա շաբաթ օրը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռյոլլ գյուղում, որտեղ բնակիչները հանդես են եկել մեկ այլ նախագծի դեմ։ Ըստ ցուցարարների, շինարարությունն իրականացվում է նախկինում իրենցից վերցված հողի վրա։

Ակցիայի մասնակիցները ծածանել են ալբանական դրոշներ և վանկարկել «Հեղափոխություն»։ Ցանկապատերի ապամոնտաժման ընթացքում տեղի են ունեցել առանձին բախումներ ոստիկանության հետ, սակայն իրավապահ մարմինները չեն խոչընդոտել արգելապատնեշների հեռացմանը։

Տեղի բնակիչներից մեկը՝ Զեկե Նիկոլլե Շուլլանին, հայտարարել է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ գյուղի բնակիչները հողի համար փոխհատուցում չեն ստացել։

«Մենք 200 ընտանիք ենք, որոնց հողը վերցրել են», — նշել է նա։

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից՝ Նիկոլին Մարկպալայան, հայտարարել է, որ իշխանություններն ու ներդրողները հաշվի չեն առնում տեղի բնակիչների կարծիքը և նրանց հետ խորհրդակցություններ չեն անցկացրել։

Երկրում հինգաստղանի հանգստավայրային համալիրի կառուցման նախագիծը «ռազմավարական ներդրող» կարգավիճակ է ստացել Ալբանիայի կառավարության կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *