NBA-ի եզրափակչում New York Knicks բասկետբոլային ակումբի հաղթանակի տոնակատարությունն ուղեկցվել է հրաձգությամբ և անկարգություններով Նյու Յորքի կենտրոնում, հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Նյու Յորքի ոստիկանության տվյալներով, գիշերվա մոտ 2-ին Թայմս Սքուերի շրջանում հրաձգություն է տեղի ունեցել։ Արդյունքում վիրավորվել է 17-ամյա մի դեռահաս, որը ոտքից հրազենային վնասվածք է ստացել։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն։
Իրավապահները ձերբակալել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող երեք անձի և առգրավել զենք։ Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հազարավոր երկրպագուներ դուրս էին եկել Մանհեթենի փողոցներ՝ տոնելու «Նյու Յորք Նիքս»-ի՝ ավելի քան կես դար անց առաջին չեմպիոնությունը։
Եզրափակիչ շարքի հինգերորդ խաղում թիմը 94:90 հաշվով հաղթել է San Antonio Spurs-ին և 1973 թվականից ի վեր առաջին անգամ նվաճել NBA-ի չեմպիոնի տիտղոսը։ Զանգվածային տոնակատարությունների ֆոնին սոցիալական ցանցերում հայտնվել են վանդալիզմի դեպքեր պատկերող տեսանյութեր։
Մի տեսագրության մեջ մարդիկ ցատկում են ոստիկանական մեքենայի տանիքին և կոտրում դիմապակին, մյուսներում՝ բարձրանում են դպրոցական ավտոբուսների վրա և ներթափանցում տրանսպորտային միջոցների մեջ։ Տարածվել են նաև երկրպագուների ձերբակալությունների կադրեր, որոնց ոստիկանությունը փորձում էր դուրս մղել մարդաշատ փողոցներից։ Կարգուկանոնը պահպանելու համար ներգրավվել են ոստիկանության լրացուցիչ ուժեր, այդ թվում՝ պաշտպանիչ հանդերձանքով աշխատակիցներ և հեծյալ պարեկներ։
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին դեռևս վճռորոշ խաղից առաջ բնակիչներին կոչ էր արել տոնել պատասխանատվությամբ և պահպանել անվտանգության միջոցները։ Սակայն եզրափակիչ ազդանշանից հետո տոնակատարությունների մի մասը վերածվել է անկարգությունների։
Ոստիկանությունը հայտնել է, որ ավելի ուշ մտադիր է ձերբակալվածների թվի մասին տվյալներ հրապարակել։