ԱԱ-2026․ Աստղային հյուրեր և կոշտ պայքար. Բրազիլիան չկարողացավ կոտրել Մարոկկոյի դիմադրությունը

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգի «Մետլայֆ» ստադիոնում կայացավ Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության C խմբի կենտրոնական հանդիպումը, որում մրցեցին Բրազիլիայի և Մարոկկոյի հավաքականները։

Կառլո Անչելոտիի գլխավորած ընտրանին չկարողացավ հաղթահարել Կատար-2022-ի կիսաեզրափակչի մասնակցի դիմադրությունը. գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեցին աֆրիկացիները։ Բրահիմ Դիասի հիանալի փոխանցումից հետո կիսապաշտպան Իսմայել Սայբարին գնդակն ուղարկեց Ալիսոնի պաշտպանած դարպասը։ Սակայն մարոկկացիների առավելությունը կարճ տևեց. արդեն 32-րդ րոպեին Բրունո Գիմարաեսի փոխանցումից հետո Վինիսիուս Ժունիորը տուգանային հրապարակ մտնելով՝ աջ ոտքի անկասելի հարվածով գրավեց Յասին Բունուի դարպասն ու վերականգնեց հաշվի հավասարությունը:

Երկու դարպասապահներն էլ աչքի ընկան փայլուն սեյվերով։ Մասնավորապես, Բունուն չեզոքացրեց Լուկաս Պակետայի ակրոբատիկ հարվածը, իսկ Ալիսոնը խաղավերջում փրկեց Բրազիլիային՝ հետ մղելով Էլ Այնաուիի և Ամայմունիի վտանգավոր հարվածները։

Վինիսիուսի ռեկորդը. Բրազիլացի հարձակվողի համար սա կարիերայում երկրորդ գոլն էր աշխարհի առաջնություններում: Այս ցուցանիշով նա հավասարվեց լեգենդար Ռոնալդինյոյին: Վինիսիուսը ճանաչվեց նաև հանդիպման լավագույն խաղացող: Ընդ որում, սա առաջին դեպքն էր, երբ Վինիսիուսը գոլ է խփում ազգային հավաքականի կազմում, բայց թիմը չի հաղթում (նախորդ 8 դեպքերում Բրազիլիան տոնել էր հաղթանակ):

Վատ նախանշան. Պատմության ընթացքում Բրազիլիան երբեք չի նվաճել աշխարհի գավաթը, եթե մրցաշարը սկսել է ոչ-ոքիով կամ պարտությամբ:

Վնասվածքի պատճառով հանդիպմանը չէր մասնակցում Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարը: Նա ընդգրկված չէր հայտացուցակում, սակայն թիմին աջակցում էր պահեստայինների նստարանից։ Սպասվում է, որ հարձակվողը շարք կվերադառնա հաջորդ շաբաթ:

Հանդիպմանը ներկա էր նաև «Մոնակոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով VIP օթյակում հայտնվել էր հայտնի բլոգեր IShowSpeed-ի ուղիղ եթերում և զրուցել նրա հետ:

Խաղն աչքի ընկավ նաև կոշտ պայքարով: Դրվագներից մեկում մարոկկացի Աշրաֆ Հակիմին կոպիտ խաղաց Վինիսիուսի դեմ, սակայն սլովենացի գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչն անարձագանք թողեց դրվագը՝ չնշանակելով անգամ տուգանային հարված:

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *