Վերաքվեարկություն տեղի չի ունենա. ԿԸՀ-ն հրապարակեց որոշումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ 3 ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ուստի՝ վերաքվեարկություն տեղի չի ունենա:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա»,- նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Այս հայտարարությունից հետո դահլիճում ընդդիմության ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն արտահայտեցին, ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարեց. «Դուք խոչընդոտում եք ՀՀ-ում ժողովրդավարության կայացմանը, Ձեր իշխանությունների հռչակած ժողովրդավարության կայացմանը»:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շարունակեց ընթերցել որոշումը. «ԿԸՀ-ն որոշում է՝ ՀՀ ԱԺ 2026թ-ի հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա»:

Ավելի վաղ ԿԸՀ-ն ամփոփել էր ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ այդմ՝

«Ուժեղ Հայաստան»-ը ստանում է 340 006 քվե կամ 23.2710 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 726 819 քվե կամ 49.7456 տոկոս
«Հայաստան» դաշինքը՝ 144 983 քվե կամ 9.9231 տոկոս

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 58 287 քվե կամ 3.9893 տոկոս, այսպիսիով՝ ԲՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չի լինի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *