Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ընտրություններից հետո

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2028 թվականի նախագահական ընտրապայքարին իր հնարավոր մասնակցության հարցը կքննարկի կնոջ՝ Ուշա Վենսի հետ, 2026 թվականի միջանկյալ ընտրություններից հետո։

«Ուշայի հետ անպայման կնստենք և կքննարկենք, թե ինչ է սպասվում մեր ընտանիքին», — ասել է նա։

Ըստ ԱՄՆ-ի փոխնախագահի, վերջնական որոշումը կընդունվի «2026 թվականի ընտրությունների արդյունքներից հետո»։

Վենսը շեշտել է, որ առայժմ կենտրոնացած չէ քաղաքական հեռանկարների վրա և նախագահական քարոզարշավին մասնակցելու հարցը առաջնահերթություն չի համարում։

«Ես չեմ նստում ու մտածում, թե արդյոք առաջադրվելու եմ նախագահի պաշտոնում», — նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ փորձում է «որոշումներ չկայացնել, քանի դեռ դա բացարձակապես անհրաժեշտ չէ»։

Նա նաև հայտարարել է, որ իր քաղաքական ապագայի մասին խոսակցություններ չի նախաձեռնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, թեև վերջինս, ըստ նրա, երբեմն բարձրացնում է այդ թեման։

«Ես երբեք չեմ սկսում այդ խոսակցությունները։ Բայց նախագահը երբեմն խոսում է այդ մասին՝ հրապարակայնորեն և մասնավոր զրույցներում։ Նա քաղաքական մարդ է, դա նրան հետաքրքրում է», — ասել է Վենսը։

Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ Թրամփը կաջակցի իր ցանկացած որոշմանը ապագա քարոզարշավի վերաբերյալ։

«Ես կասկած չունեմ, որ ԱՄՆ նախագահը կաջակցի այն ամենին, ինչ ես ի վերջո որոշեմ», — նշել է նա։

Վենսը նաև հավելել է, որ Թրամփի հետ քննարկումները կրում են ընդհանուր բնույթ․

«Մենք խոսում ենք այդ մասին, բայց առանց մանրամասների։ Մենք երկուսս էլ կենտրոնացած ենք ընթացիկ խնդիրների վրա»։

CBS-ի տվյալներով, Վենսը համարվում է Հանրապետական կուսակցության ներսում 2028 թվականի ընտրություններին մասնակցության ամենահավանական հավակնորդներից մեկը։ Հնարավոր թեկնածուների թվում նշվում են նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, սենատորներ Թեդ Քրուզը և Ջոշ Հոուլին, ինչպես նաև պահպանողական մեդիա դեմքեր։

Վենսը նախկինում ԱՄՆ Սենատում ներկայացրել է Օհայո նահանգը, ծառայել է ծովային հետևակի կորպուսում և ավարտել Յեյլի իրավաբանական դպրոցը։ Նա նաև հայտնի է որպես Hillbilly Elegy հուշագրության հեղինակ և պատրաստում է հրատարակության իր նոր գիրքը՝ կրոնական իր ուղու մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *