
Այսօր՝ հունիսի 14-ին, Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Ու սա լավագույն առիթն է շնորհակալություն հայտնելու բոլոր այն մարդկանց, որոնք ամեն օր իրենց մարդասիրության կաթիլն են նվիրում, կյանքեր փրկում` լուռ, առանց աղմուկի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Արյան պաշարների կայունությունը երկրի անվտանգության և առողջ հասարակության հիմքն է: Այս տարի մեր հիմնական շեշտադրումը երիտասարդների ներգրավումն է և Հայաստանում կամավոր, անհատույց արյունատվության մշակույթի ձևավորումը։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ միասին մենք իրականացնում և ընդլայնում ենք կամավորական արշավները, որպեսզի արյուն հանձնելը դառնա ոչ թե մեկօրյա ակցիա, այլ գիտակցված սովորություն՝ տարվա բոլոր օրերին։
Քո նվիրած արյունն իրականում կյանքի հույս է
• նորածին երեխայի ու մայրիկի համար՝ ծննդաբերական բարդությունների ժամանակ,
• վիրահատարանում գտնվող պացիենտի համար,
• քաղցկեղի, արյան այլ հիվանդությունների դեմ ամեն օր պայքարող երեխաների ու մեծահասակների համար:
Դոնորները ձևավորում են կյանքի մի անտեսանելի շղթա, որն ապահովագրում է մեզ բոլորիս:
Ինչպե՞ս կարող ես օգնել հենց այսօր.
1. Դարձի՛ր դոնոր. այցելիր արյան հավաքագրման մոտակա կենտրոն:
2. Պատմի՛ր ընկերներիդ, որովհետև քո օրինակը կարող է վարակիչ լինել:
Այս փոքր քայլով դու կարող ես փրկել կյանքեր:
Շնորհակալ ենք, որ կաք»,- ասված է հաղորդագրության մեջ: