Երևանում 3 օր առաջ ձերբակալված մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին ազատ է արձակվել

Երեք օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված հայտնի մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին քիչ առաջ ազատ արձակվեց։ Փաստաբանի խոսքով, դա նշանակում է, որ ՌԴ իրավապահները նրան կալանավորելու միջնորդություն Հայաստանի դատախազություն չեն ուղարկել, հաղորդում է «Ազատությունը»։

Վերբիցկին, սակայն, չի կարող հեռանալ Հայաստանից։

Փաստաբան Վաչե Սիմոնյանն ասաց՝ պայմանավորված է ՌԴ կողմից նրան առաջադրված մեղադրանքով և հայտարարված հետախուզմամբ։ Քանի դեռ գիտնականը հետախուզվում է, Հայաստանը նրան չի կարող թույլ տալ հատել սահմանը։ Մաթեմատիկոսն «Ազատությանն» ասաց՝ հետադարձի տոմս ունի դեպի Իսրայել, բայց ստիպված կմնա այստեղ։

«Հենց օդանավակայանում ձերբակալեցին, ձեռնաշղթաներ անցկացրեցին, տարան ճաղերից այն կողմ՝ ձերբակալվածների պահման վայր: Սկզբում ոչինչ չասացին, հետո հայտնեցին, թե կտեղափոխեն Ռուսաստան: Ձերբակալեցին, քանի որ ինձ Ռուսաստանը հետախուզում է: Ես սրա մասին գիտեի, բայց չգիտեի, որ Հայաստան գալով՝ կձերբակալվեմ, Հայաստանի մասին լավ բաներ եմ լսել, անսպասելի էր, քանի որ շատ ամերիկյան ու անգլիական լրագրողներ, գրողներ են հետախուզվում, որ գային Հայաստան, կձերբակալվեի՞ն, չէի սպասում», – պատմեց նա:

Գլխավոր դատախազությունը դեռևս չի հաղորդում, թե ՌԴ-ից ի՞նչ փաստաթղթեր է ստացել Վերբիցկիի վերաբերյալ:

Միխայիլ Վերբիցկին նշեց՝ ենթադրում է, թե ինչի համար են իրեն մեղադրում. «Իբր ես կասկածի տակ եմ դրել «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության բացահայտման արդյունքները: Իսկապես այդպես է, քանի որ ահաբեկչության համար մեղադրվողների ականջներն են կտրել, աչքերն են վնասել, ծեծել են, ահավոր է, և ես ոչ թե կասկածի տակ եմ դրել հետաքննության արդյունքները, այլ՝ թե ինչպես է դա տեղի ունենում՝ մարդկանց ականջներն ու աչքերը վնասում, ծեծում են, և այդ ամենը ցուցադրում են հեռուստատեսությամբ, ասում են՝ լավ է, հիանալի է», – ասաց մաթեմատիկոսը:

Միխայիլ Վերբիցկին «եթե առանց իր կամքի մնա Հայաստանում», գուցե համագործակցեմ այստեղի գիտնականների հետ: Հայտնի մաթեմատիկոսը բնակվում է Ռիո դե Ժանեյրոյում, ասաց՝ լավ աշխատանք ունի Ռիոյի համալսարանում. «Եթե այստեղ ինտերնետ ունենամ, ապա կարող եմ հեռավար աշխատել»:

Հարվարդի համալսարանում դոկտորի կոչում ստացած և միջազգային համալսարաններում դասավանդող 56-ամյա Վերբիցկուն Ռուսաստանը որոնում է 2025-ից:

Նրա պաշտպան Վաչե Սիմոնյանը պատմել է՝ Հայաստանի սահմանն անցնելիս են Վերբիցկուն հայտնել, որ ռուս իրավապահները նրա դեմ գործ են հարուցել ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով և հետախուզում հայտարարել:

Գիտնականն ակտիվորեն քննադատում է պուտինյան ռեժիմն ու Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *