
Եվրոմիությունը լրացուցիչ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել։ Ցանկում ներառված են 34 անհատ և 47 ընկերություն, այդ թվում՝ Ռուսաստանին բարեկամ երկրներից, հայտարարել է ԵՄ Խորհուրդը։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ նոր սահմանափակումներն ուղղված են «էներգիայի վաճառքից, ռազմարդյունաբերական համալիրից և քարոզչությունից ստացված եկամուտներին»։ ԵՄ-ն կարծում է, որ միջոցառումները կնվազեցնեն Ռուսաստանի էներգետիկ եկամուտները։ «Արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ Ռուսաստանին արժեցել են մոտավորապես 1-1,3 տրիլիոն եվրո»,- հայտարարել է Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։
Պատժամիջոցներ են սահմանվել «Լուկոյլ-Արևմտյան Սիբիր» ընկերությունների, «Գազպրոմնեֆտ» նավագնացության, «Լավոչկին» գիտաարտադրական ասոցիացիայի (Ռոսկոսմոս), «Կալաշնիկով» կոնցեռնի Իժևսկի ավիացիոն գործարանի, «Առաջադեմ հետազոտությունների հիմնադրամի» և այլ կազմակերպությունների դեմ։
Սահմանափակումներ են սահմանվել նաև Ռուսաստանի գլխավոր դատախազ Ալեքսանդր Գուցանի, փաստաբան և նախկին օմբուդսմեն Պավել Աստախովի, RT-ի հետ աշխատող մի քանի լրագրողների և բլոգերների, եպիսկոպոս Գեորգի Շևկունովի (Սիմֆերոպոլի և Ղրիմի մետրոպոլիտ Տիխոն), «Ռոստեխ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոյի և պետական կորպորացիայի արդյունաբերական տնօրեն Բեկխան Օզդոևի և այլոց նկատմամբ: Կայա Կալլասը նախկինում հայտնել էր, որ հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը կարող է ներառել ԵՄ մուտքի արգելքներ Ուկրաինայում անցկացված հատուկ գործողության մասնակիցների համար: Եվրահանձնաժողովը մտադիր է ստեղծել անունների «սև ցուցակ»: