«Մենք նախագահ Թրամփի հետ միշտ չէ, որ համընկնում ենք մեր տեսակետներում։ Նա Միացյալ Նահանգների նախագահն է, իսկ ես՝ Իսրայելի վարչապետը։ Ես պատասխանատու եմ Իսրայելի անվտանգության շահերի համար, եւ դա պետք է անել խելամտորեն»,- ասել է Նեթանյահուն։ Ըստ CNN-ի` նա հավելել է, որ «նման տարաձայնություններ լինում են նաեւ լավագույն ընտանիքներում»։
«Պայքարը դեռ ավարտված չէ։ Մեզ անհրաժեշտ կլինի պահպանել զգոնությունը, ուժն ու վճռականությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեզ»,- հավելել է վարչապետը։
Նեթանյահուն նաեւ հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից, Գազայի հատվածից կամ Սիրիայից։
«Մենք կմնանք անվտանգության գոտիներում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի մեր երկիրը պաշտպանելու համար»,- ընդգծել է նա։
ԱՄՆ-ի եւ Իրանի հուշագիրը կոչված է ավարտելու Մերձավոր Արեւելքում հակամարտության թեժ փուլը։ Երկրների ներկայացուցիչները պետք է համաձայնեցված փաստաթուղթը ստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում։
Ինչպես հայտնել են իրանական լրատվամիջոցները, փաստաթղթի նախագիծը նախատեսում է լիակատար հրադադար (այդ թվում՝ Լիբանանի տարածքում), ամերիկյան ծովային շրջափակման վերացում եւ Հորմուզի նեղուցի վերաբացում։