ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ մինչև ուրբաթ հրապարակի Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին նախնական համաձայնությունը․ գրում է BBC-ն։
Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը (MOU) կազմված է մոտ մեկուկես էջից։ ԱՄՆ փոխնախագահը հուշագիրը նկարագրել է որպես «ընդհանուր բնույթի» և ոչ մանրամասն փաստաթուղթ։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես սկսել են որոշ մանրամասներ ներկայացնել գործարքի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ Հորմուզի նեղուցը կվերաբացվի ուրբաթ՝ նույն օրը, երբ Ժնևում պաշտոնապես կստորագրվի համաձայնագիրը։
Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նախնական համաձայնությանը՝ Թրամփը հայտարարել է․ «Ուրախ եմ ասել, որ այն ստորագրված է, գործարքն ամբողջությամբ ստորագրված է»։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով ստորագրել են Թրամփը, Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նրանք նշել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները նախատեսված են այս շաբաթ, մինչդեռ պատժամիջոցների մեղմացումը կամ արգելափակված ակտիվների ապասառեցումը կախված կլինի նրանից՝ արդյոք Իրանը կկատարի գործարքի շրջանակում ստանձնած պարտավորությունները։