2026 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում, այդ թվում՝ որոշ մեկանգամյա գործոնների ազդեցությամբ, որոշակիորեն դանդաղել է, սակայն դեռևս հարաբերականորեն բարձր է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկից։
Ըստ այդմ, տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերը: Ծառայությունների ճյուղի բարձր ակտիվությունը հիմնականում պայմանավորված է պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղերով՝ մատնանշելով տնտեսությունում ձևավորված բարձր պահանջարկի պայմանների մասին:
Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։ Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճի վարքագծում դեռևս գերակշռում են առաջարկի գործոնները։
Մյուս կողմից՝ հարկաբյուջետային քաղաքականության առավել ընդլայնող դիրքի ձևավորման ռիսկերը թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ: