ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ «Ռենշին» ընկերության աուդիտը, որը հինգ տարի անընդմեջ իրականացվում է «Մեծ քառյակի» մեջ մտնող KPMG ընկերության կողմից, հաստատում է ընկերության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը, ասել է ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը։
«Աուդիտի ընթացքում հաստատվում են այնպիսի առանցքային պարամետրեր, ինչպիսիք են կապիտալի համարժեքությունը, իրացվելիության մակարդակը և ակտիվների որակը: Ներդրողների համար սա նշանակում է ռիսկերի նվազեցում և երաշխիք, որ ընկերությունը գործում է միջազգային թափանցիկ ստանդարտներով», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Խոսելով գործընկերների համար ամենամյա միջազգային աուդիտի գործնական արժեքի մասին՝ Չիչյանն ընդգծել է, որ միջազգային աուդիտը գործնական գործիք է բոլոր շահառուների համար:
«Բանկերի համար այն նվազեցնում է ռիսկի գնահատականը, ինչը թույլ է տալիս մեզ ներգրավել ֆինանսավորում ավելի մրցունակ պայմաններով։ Ինստիտուցիոնալ ներդրողների համար սա որոշումների կայացման հիմնական նախապայմանն է, որը հաստատում է ընկերության «առողջությունը»։ Գնորդների համար միջազգային աուդիտը փաստում է այն մասին, որ կառուցապատողը կայուն է և չունի ֆինանսական խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել շինարարության կանգին», – պարզաբանել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե «Ռենշինի» կորպորատիվ մշակույթի ո՞ր սկզբունքներն են օգնում ձևավորել ուժեղ թիմ և պահպանել կայունությունը երկարաժամկետ ու կապիտալատար նախագծերում՝ ֆինանսական տնօրենն ընդգծել է, որ«Ռենշինի» կորպորատիվ մշակույթը մեր հաջողության հիմնաքարն է, որը թույլ է տալիս արդյունավետ կառավարել կապիտալատար և երկարաժամկետ նախագծերը։
«Մեր թիմի ձևավորման հիմքում ընկած է պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և նորարարության սիներգիան, որտեղ յուրաքանչյուր մասնագետ գիտակցում է իր դերը ընկերության համաշխարհային հեղինակության կերտման գործում։ Մենք առանձնահատուկ կարևորում ենք միջազգային էքսպատների և բարձրակարգ կոնսուլտանտների ներգրավումը, ինչը թույլ է տալիս տեղայնացնել գլոբալ փորձն ու լավագույն ստանդարտները մեր բոլոր նախագծերում», – ասել է նա։
Միաժամանակ Չիչյանի խոսքով, ընկերությունը մեծապես ներդնում է թիմակիցների երկարաժամկետ խրախուսման համակարգերում՝ ձևավորելով կայուն և մոտիվացված «ուժեղ կորիզ», որն ունակ է տարիներ շարունակ հետևողականորեն իրականացնել Հայաստանի համար աննախադեպ մասշտաբի և բարդության ծրագրերը։
«Այս բաց և թափանցիկ հաղորդակցման միջավայրը, զուգորդված միջազգային փորձի հետ, նվազեցնում է գործառնական ռիսկերը և երաշխավորում մեր ստանձնած բարձր պարտավորությունների կատարումը», – եզրափակել է նա։
«Ռենշինը» քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որն իրականացնում է շուրջ 1 մլն քառ. մետր բարձրակարգ կառուցապատում՝ ավելի քան 1 միլիարդ դոլար ընդհանուր ներդրումների ծավալով: 2025 թվականի վերջի դրությամբ «Ռենշին» ընկերության ակտիվները կազմել են 133,5 մլրդ դրամ, սեփական կապիտալը՝ 13,7 մլրդ դրամ: