Հայաստանն այլևս երկաթուղային փակուղի չէ։ Հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին՝ Ռուբինյանը նշել է, որ վերջին շրջանում նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես՝ հաստատվել է ուղիղ առևտուր, և հայկական կողմը հնարավորություն է ստացել օգտվել Ախալքալաք-Կարս երկաթգծից։ Եթե կես տարի առաջ Հայաստանը երկաթուղային փակուղի էր և կարող էր արտադրանքն արտահանել առավելագույնը մինչև Փոթի, ապա այժմ՝ Ադրբեջանի տարածքով ճանապարհի բացմամբ, կարող է բեռներ փոխադրել թե՛ Եվրոպա, թե՛ Սիրիա։
Ռուբինյանը նաև հիշեցրել է Գյումրի-Կարս ճանապարհի վերականգնման հանձնաժողովի ստեղծման մասին։ «Մենք ակնկալում ենք երկաթուղու շուտափույթ գործարկում, ինչպես նաև բոլոր պայմանավորվածությունների կատարում»,- հայտնել է Ռուբինյանը։ Սակայն այն հարցին, թե ինչու Թուրքիան չի կատարում երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը, Ռուբինյանը պատասխանել է, որ չգիտի, բայց հույս ունի, որ այդ պայմանավորվածությունը կյանքի կկոչվի, իսկ նշված քայլերը կնպաստեն դրան։