ԱՄՆ-ում 16 միլիոն մարդու հեղեղումների վտանգ է սպառնում՝ Մեքսիկական ծոցի ափին տեղացող հորդառատ անձրևների պատճառով

Առնվազն 16 միլիոն մարդ հնարավոր հեղեղումների մասին նախազգուշացման գոտում է՝ հարավային Թեքսասից և Մեքսիկական ծոցի ափից մինչև Միսիսիպի նահանգի կենտրոնական մասը, հայտնում է NBC News-ը։

Սպասվում է, որ նախազգուշացումների գոտին կարող է ընդլայնվել և ներառել Ալաբաման։

Բացի դրանից, առաջիկա երեք օրերի համար գործում է հեղեղումների չափավոր ռիսկի մակարդակ, որն ընդգրկում է Թեքսասի, Լուիզիանայի, Միսիսիպիի և Ալաբամայի որոշ հատվածներ։

Թեքսաս-Հիլլ-Քանթրի տարածաշրջանում իշխանությունները փնտրում են վարորդին և ավտոմեքենան, որոնք երկուշաբթի առավոտյան քշվել են ջրի հոսանքով։

Թեքսաս նահանգի Բանդերա շրջանի շերիֆ Ջոշուա Թայթգեն հայտնել է, որ ավտոմեքենայի որոշ մասեր արդեն հայտնաբերվել են գետի հունի երկայնքով, ինչը, նրա խոսքով, «հույս է տալիս», որ մեքենան և մարդը գտնվում են հոսանքն ի վար։

Հյուսթոնում հորդառատ անձրևների պատճառով չեղարկվել է FIFA Fan Fest միջոցառումը։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ամբողջ շաբաթվա ընթացքում կյանքի համար խիստ վտանգավոր հանկարծահաս հեղեղումների մասին։

Ջրածածկման վտանգ է սպառնում Կորպուս Քրիստ, Հյուսթոն, Գալվեստոն և Բոմոնտ քաղաքներին Թեքսասում. Լաֆայետին, Ալեքսանդրիան և Բաթոն Ռուժին՝ Լուիզիանայում. Մոնտգոմերին և Բիրմինգեմին՝ Ալաբամայում, ինչպես նաև Ջեքսոնին՝ Միսիսիպիում։

Հեղեղումների ամենամեծ ռիսկը պահպանվում է Նոր Օռլեանի համար, այնտեղ իրավիճակին հետևում են առանձնահատուկ ուշադրությամբ։

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ տեղումների ինտենսիվությունը կարող է հասնել ժամում 2–5 դյույմի (5–12 սմ), իսկ տեղումների ընդհանուր քանակը մինչև ուրբաթ կարող է կազմել 8–10 դյույմ (20–25 սմ), տեղ-տեղ՝ մինչև 12 դյույմ (30 սմ)։

Նման ուժեղ անձրևների պատճառը արևադարձային խոնավության ներհոսքն է, որը կապված է Մեքսիկայի և Թեքսասի սահմանին գտնվող մթնոլորտային խոտորման հետ։ Այս խոտորման զարգացման հավանականությունը առաջիկա 2–7 օրվա ընթացքում ներկայում կազմում է մոտ 60%։ Եթե համակարգը տեղաշարժվի դեպի Մեքսիկական ծոց, այն կարող է կարճ ժամանակով վերածվել արևադարձային փոթորկի արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի։

Անկախ այս համակարգի զարգացումից՝ Մեքսիկական ծոցի ափին առաջիկա օրերին սպասվում են հանկարծահաս հեղեղումներ, ուժգին քամի, ինչպես նաև հետադարձ հոսանքների և ջրային պտտահողմերի բարձր ռիսկ։

Միաժամանակ, Միջին Արևմուտքում և Օհայոյի հովտում չորեքշաբթի սպասվում են ուժեղ ամպրոպներ՝ հնարավոր տորնադոներով. վտանգ է սպառնում շուրջ 38 միլիոն մարդ՝ Կանզասից մինչև Օհայո։ Քամու պոռթկումները կարող են գերազանցել 120 կմ/ժ-ը։

Վտանգը կտարածվի Կենտուկիի և Թենեսիի վրա, իսկ այնուհետև՝ Նյու Յորքի շրջանի վրա հինգշաբթի՝ այն օրը, երբ քաղաքն անցկացնելու է New York Knicks թիմի չեմպիոնական շքերթը։

Որոշ շրջաններում հնարավոր են ամպրոպներ, սակայն ամբողջությամբ անձրևոտ օր չի սպասվում։

ԱՄՆ հյուսիս-արևմուտքում, Կալիֆոռնիայում և Ժայռոտ լեռների հարավային շրջաններում շոգի մասին նախազգուշացում է գործում 13 միլիոն մարդու համար։ Ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–20 աստիճանով, ինչը մեծացնում է անտառային հրդեհների վտանգը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *